Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Boeing 737 տիպի օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ:
Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:
Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:
Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո:
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:
Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։
Վերոնշյալին արձագանքելով՝ ՔԱԿ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին: