Foto

Եվ թող դողա թշնամու սիրտը, որտեղ էլ լինի՝ ներսում, թե դրսում

Եվ թող դողա թշնամու սիրտը, որտեղ էլ լինի՝ ներսում, թե դրսում

Մենք խաղաղասեր ու ստեղծարար ժողովուրդ ենք, երբեք ոչ մեկից ոչինչ չենք խլել, սեփականացրել: Եթե նույնիսկ հազարամյակների ընթացքում մի փոքր հողակտոր հայրենիք էինք ազատագրել 30 տարի առաջ, ապա մեր պատմականը, մեր հայրերի ժառանգությունը:

Այսօր այդ հաղթանակից միայն ուրվական է մնացել, որովհետև մեր կառավարողները մեզ ստիպեցին հանձնել այն դարավոր թշնամուն, ստիպեցին դա կատարել այնպիսի մարդկային ու բարոյական կորուստների գնով, որ այլևս չկարողանանք մեջքներս ուղղել, մեր մասին հպարտությամբ խոսել  և դա նրանց մասամբ «հաջողվել» է: Դավաճան իշխանությունները և նրանց պարագլուխը կարծում են, որ իրենց իշխանությունն այլևս հարատև է, որովհետև Էրդողանն ու Ալիևը չեն թողնի, որ Հայաստանում իշխանափոխություն լինի:  Բայց հայ ժողովուրդը չի կարող համակերպվել Նիկոլի և նրա թուրք պատրոնների նպատակների հետ: Հային կոտրելն անհնար է, հային լռեցնել չի լինի: Հայն հասկացել է, որ իրեն 3 տարի առաջ «քայլող» գործակալներն օգտագործել են իրենց մերկանտիլ նպատակների համար և պատճառ դարձել հազարավոր երիտասարդների զոհվելուն, հաշմվելուն, գերևարմանը, հայրենիքի մեծ մասի կորստին:

Այս իշխանություններն այլևս անհանդուրժելի են հայի համար, անհամատեղելի են նրա ազգային կերպարին ու երազանքին և պետք է հեռանան: Պատասխանատվությունը միայն բառերով, վարկանիշը միայն շոուներով պատկերացնող իշխանություններն ի վիճակի չեն առաջ տանել մեր երկիրը, վերականգնել բանակն ու տնտեսությունը: Նրանց այդ ամենի փոխարեն միայն իշխանություն է պետք, որպեսզի փրկեն իրենց մաշկն ու «պրեմիաներ» ստանան: Իսկ մեզ, այս երկրում ապրող, արարող, զոհեր տվող ու հաղթանակներ երազողներիս, պե՞տք են այդպիսի իշխանավորներ: Սա՛ է հարցերի հարցը, որին պետք է պատասխանի յուրաքանչյուր հայ: Ոչ միայն պետք է պատասխանի, այլ այդ պատասխանին պետք է տեր կանգնի և օր առաջ վռնդի այս հողատուներին իշխանությունից:

Վաղը, փետրվարի 20-ին, վճռական օր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց չեն նույնացնում այս իշխանության հետ և չեն պատրաստվում կքած ապրել նրանց թուրք հովանավորների լծի տակ: Վաղն Ազատության հրապարակից սկսվելու է «քայլած» տգետներից ազատագրման պայքարի վճռական փուլը հանուն մեր սերունդների ապագայի, հանուն մեր նահատակների անմահ հիշատակի: Եվ թող դողա թշնամու սիրտը, որտեղ էլ լինի՝ ներսում, թե դրսում:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան