Foto

Սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն Իրանում. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հանդիպումը տեղի կունենա Իրանում:

Զարիֆը նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն օգուտ կտա տարածաշրջանի երկրներին:

Իր հերթին, Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկայումս Հարավային Կովկասում ուժի մեջ է հրադադարի ռեժիմը, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այն մնայուն լինի:

«Հարավային Կովկասում հրադադարը ձեռնտու է բոլորին, բայց դրանից ամենաշատը կշահեն Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ընդգծել է նա:

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում համագործակցությունը ծրագրվում է «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան):

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կառուցողական քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: