Foto

Ռուս խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները ԼՂ տարածքում։ Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում արդեն ականազերծել են 274 հեկտար տարածք, շուրջ 105 կմ ճանապարհ, 451 շենք-շինություն։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա։

Գերատեսչությունը նաև հաղորդում է, որ ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում։

Գերատեսչությունը հավելում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։