Foto

ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում:

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսվել է, ուստի ԱԱՏՄ-ն ստուգայցերով դիտարկելու է ջեռուցման նորմերի պահպանումը։

Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով:

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

• Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

• Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

• Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նախադպրոցական կազմակերպություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

• Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

• Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:

• Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաև տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից: