Արցախում պատերազմին
զուգահեռ չեն դադարում դիվանագիտական «ճակատամարտերը»: Արդեն մի քանի անգամ Հայաստանն
և Ադրբեջանը ուղիղ կամ միջնորդավորված հանդիպել են ռուսական հարթակում,
երկու անգամ հրադադարի համաձայնության են եկել՝ ռաջին ագամ ռուսական իսկ երկրորդ անգամ
ֆրանսիական միջնորդությամբ: Բայց թե՛ ռուսաստանի, թե՛ ֆրանսիայի միջնորդությունները
չեն բերել ո՛չ հրադադարի, ո՛չ հակամարտության լուծումը խաղաղ ռելսերի դնելուն: Ինչ
էլ ասի կամ հայտարարի ադրբեջանաթուրքական տանդեմը, ակնհայտ է, որ այդ խաղաղասիրական
նախաձեռնությունները խոյահարվում են հենց իրենց կողմից: Ակնհայտ է, որ ադրբեջանական
բանակցային դիրքորոշումը կարծր է և երկխոսության տեղ չի թողնում: Միաժամանակ բացահայտ
ճշմարտություն է, որ Արցախին և Հայաստանին վերջնագիր ներկայացնելն անհեռանկար է հենց
միայն այն պատճառով, որ այս պատերազմը մեր համար գոյաբանական նշանակություն ունի և
բացի կռվելուց մեզ այլընտրանք դեռևս չի մնում:
Այս իրավիճակում
շատ հեղհեղուկ և բազմիմաստ էր Մինսկի խմբի երրորդ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Իհարկե, մտահոգությունների, հորդորների պակաս օվկիանոսի այն կողմից այս օրերին չի զգացվել:
Բայց գործնական քայլեր էլ չենք տեսել: Միայն հիմա է հայտարարվում, որ պատերազմող կողմերի
արտգործնախարարները միաժամանակ կայցելեն նաև Վաշինգտոն: Շատ վերլուծաբաններ արդեն այն կարծիքին են, թեև
դա դեռ բացահայտ չեն ասում, որ ռուսական և ֆրանսիական (եվրոպական) հարթակները ադրբեջանաթուրքական
կողմից խոյահարվում են, որպեսզի տեղափոխվեն ամերիկյան դաշտ, որտեղ իրենց առավել վստահ
կարող են զգալ: Եթե Եվրոպան ու Ռուսաստանը թուրքական գործոնի հետ առընչվում են «հառդ»-ով,
այսինքն կոնկրետ առարկայական հպման մեջ են, ապա Միացյալ Նահանգներն այդպիսի խնդիր չունեն
և բազմիցս Թուրքիային կարողացել են օգտագործել իրենց «պրոքսի» նախաձեռնություններում՝
չնայած «թեթևակի» տարաձայնություններին: Չի բացառվում, որ Վաշինգտոնում Ադրբեջանը կփորձի
առաջ տանել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա գործընթացում Թուրքիայի
առավել ակտիվ մասնակցությունը: Հավանաբար դա էր պատճառը, որ ֆրանսիական միջնորդություններից
անմիջապես հետո Թուրքիայից և Ադրբեջանից հայտարարեցին, թե Ֆրանսիան անկողմնակալ միջնորդ
չէ: Ռուսաստանի դեպքում բավական բարդ դիսպոզիցիա է, որովհետև այս պատերազմն իր հավանական
հետևանքներով անմիջականորեն շոշափում է Ռուսաստանի ազգային անվտանգությունը և աշխարհաքաղաքական
իմիջը: Այստեղ Ադրբեջանի հովանավոր Թուրքիան ուղղակի ֆիզիկական հակառակորդ է տեսնում
և Ռուսաստանի կողմից ցանկացած միջնորդություն ընկալում ու Ադրբեջանին պարտադրում է
հենց այդ կտրվածքով:
Փաստացի փորձ
է արվում հստակ տարբերակում մտցնել Մինսկի խմբի համանախագահող երկրների մեջ, փորձարկվում
է բանակցային այդ ֆորմատի ամրությունը: Թեև աշխարհն այս հակամարտության կարգավորումը
շարունակում է տեսնել հենց Մինսիկ խմբով, իսկ համանախագահներն էլ իրենց հայտարարություններում միաձայն են, բայց հիմա ժամանակն է, որ այդ ֆորմատն ինքն
ապացուցի իր կենսունակությունն ու միասնականությունը: