Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը հաջորդած բանկետի
լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում և հասարակության լայն
շերտերում:
Արձագանքը շատ չուշացավ: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շտապեց
հայտարարել, որ Արցախի պարետատան սահմանափակումները թույլ են տալիս այնտեղ համեմատաբար
ազատ լինել, իսկ Արցախի պարետատան խոսնակ Սամվել Բալայանն էլ հայտարարել է, որ «բացօթյա տարածքում դա այդքան էլ
խախտում չէ»: Տարօրինակ զուգադիպությամբ երկու պաշտոնյաներն այնուամենայնիվ
քաղաքացիներին կոչ են անում պահպանել համավարակով պայմանավորված շփումների կուլտուրան
և պարետատների որոշումները:
Ի՞նչ է, բուն վարակի առկայությունն այնքան էական չէ, որքան
թղթի վրա գրված օրենքնե՞րը: Երկու ամիս առաջ Հայաստանում նույն իրավիճակն էր, արտակարգ
դրությունը կար, խստացումները ֆորմալ առումով հայտարարված էին, բայց քանի որ թվերը
վախենալու չէին և իրավիճակն այնքան էլ լուրջ չէր, որքան պատկերացնում էին մեր իշխանավորները,
դրանք անտեսվում էին: Թե ինչի բերց այդ անտարբերությունը, հիվանդացության ամենօրյա
թվերը թող խոսեն:
Թեև Արցախում հիվանդացության պաշտոնական թվերը համեմատաբար
փոքր են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դառը փորձը չպետք է դաս լինի: Իշխանությունների
ներկայացուցիչների անձնական օրինակի բացակայությունը Հայաստանում բերեց համավարակի
նկատմամբ վերահսկողության անդառնալի կորստի, որ ամեն օր մարդկային կյանքեր է արժենում:
Եվ ամենևին էլ կարևոր չէ, որ Արցախում դեռևս համեմատաբար անվտանգ է, փոխարենն արդեն
շատ վտանգավոր է Հայաստանում: Արդեն ինքնամեկուսացած նախարարներ կան, կառավարության
և ԱԺ աշխատակազմերում հաստատված դեպքեր կան: Ճի՞շտ էր արդյոք վտանգը Արցախ տանելը,
առանց ձեռնոցի և դիմակի բազմամարդ հավաքի մասնակցելը: Ստացվում է, որ մեր ղեկավարները
գիտակցաբար և բացահայտորեն խախտում են անվտանգության կանոնները և դեռ արդարացնում են
դա ինչ-որ օրենքներով:
Եթե վիրուսն այդքան վտանգավոր չէ և խնդիրը միայն օրենքներն
են, փոխե՛ք այդ օրենքները: Եթե չեք փոխում, պատասխան տվեք այն քաղաքացիներին, ովքեր
այս օրերին գրպանում դիմակ չունենալու պատճառով տուգանվում են: Եթե ձեր հորինած օրենքները
այնքան ձևական են, որ ինքներդ եք խախտում, ապա այդ օրենքների նպատակը ոչ թե վիրուսի
դեմ պայքարն է, այլ մեր՝ շարքային քաղաքացիներիս ազատություններն այլ քաղաքական նպատակներով
սահմանափակելը:
Հ.Գ.
Անհամբեր սպասում եմ հերթական «փաստ համար»-ին, որով կներկայացվի,
թե, Հայաստան վերադառնալով, ինչպես տուգանվեցին վարչապետն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: