Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ այս օրերին պարենային ապրանքների գների բարձրացմանը։
«Երկու գործոն կա այստեղ։ Առաջին, գիտեք, որ այս ընթացքում լոգիստիկ շղթաներն են նաև որոշակի վնասվում։ Մեր ապրանքային հոսքի զգալի մասը՝ իրանական սահմանի կողմից կամ Ռուսաստանից՝ Լարսի կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում էին դժվարությունների։ Վերջին շաբաթների ընթաքցում Լարսում նաև առկա էր եղանակային գործոնը։ Եվ չնայած այդ դժվարություններին, ի պատիվ մեր տնտեսվարողների, պետք է ասենք, որ առ այսօր հնարավոր է եղել ապահովել կանոնանվոր մատակարարումներ»,- ասաց նա։
Նախարարն անդրադարձավ առանձին ապրանքատեսակների թանկացմանը, օրինակ բերեց հնդկաձավարի գինը, որն այս օրերին գրեթե եռապատկվել է։ «Երբ նախորդ շաբաթվա ընթացքում մասնավոր կազմակերպությունների հետ քննարկում էինք, հնդկաձավարի վերաբերյալ եղավ պարզաբանում, որ գներն սկսել էին բարձրանալ Ռուսաստանում՝ նախքան կորոնավիրուսի ազդեցությունը։ Դա պայմանավորված է շուկայով, բերվում էին օրինակներ, որ նախորդ տարվա հունվարի համեմատ այս հունվարին արդեն 2 անգամ գնի բարձրացում տեղի էր ունեցել։ Այսինքն՝ երկու գործոնի ազդեցությունն էլ կան։ Հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ, որոնք արդեն տեսանելի են առաձին դեպքերում, բայց մենք հույս ունենք, որ տնտեսվարողներն այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, որ դա սպառողների համար հնարավորինս լինի հարմարավետ ու գների բարձրացման չբերի»,- նշեց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ ՏՄՊՊՀ-ն ունի բավարար գործիքներ, որպեսզի կանխի առանձին տնտեսվարողների կողմից գների անհիմն թանկացումը։