Foto

Խղճի դավթարո՞ւմ էլ չկա. Լուսաշող գյուղի դպրոցը շպրտում են 19-րդ դար

Արարատի մարզի Լուսաշող լեռնային բնակավայրի դպրոցի խնդիրը մեր օրերի քաղաքական վայրիվերումների հորձանուտում մնացել է լրատվական հոսքերից դուրս՝ ԿԳՄՍ նախարարությունը «կոմպլեկտավորում» է դպրոցի դասարանները:

Մի փոքր նախապատմություն. Լուսաշողը բարձրադիր, սահմանամերձ համայնք է, որի դպրոցում սովորում են նաև հարակից գյուղերի դպրոցականները: Անցյալ տարվանից որոշում է կայացվել կոմպլեկտավորել դասարանները, այսինքն իրար միացնել, որովհետև աշակերտների քանակը չի բավարարում ուսուցչական և սպասարկող շատ հաստիքներ պահելու համար: Ուսուցիչներն ու դպրոցականները, նրանց ծնողները բողոքել են այդ որոշման դեմ, որովհետև երկկոմպլեկտ դասարաններում նորմալ դասապրոցես կազմակերպել հնարավոր չէ: Խոսքը տարբեր տարիքային դասարանների միացման մասին է: Նախարարությունը, գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակով, իբր կոմպրոմիսի է գնացել և կրճատել է ուսուցիչների աշխատավարձը, այսինքն, եթե ուզում եք դասարանները պահպանել, ուրեմն դա արեք ձեր աշխատավարձերի հաշվին: Սակայն այս կիսամյակից նախարարությունն անցել է հին մարտավարությանը և պարտադրում է իրար միացնել արդեն երեք տարիքային դասարան: Մարդիկ բողոքում են բոլոր հնարավոր ատյաններին, բերում են բազմաթիվ փաստարկներ, որպեսզի դպրոցը բնականոն գործի, բայց կառավարությունը լռության է մատնում դրանք և համառորեն պնդում է իրենը: Արդյունքում երեկ արդեն հրաժարական են տվել դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և ծնողական խորհրդի նախագահը: Աշակերտները պատրաստվում են նոր դասադուլի, իսկ հարակից գյուղից արդեն տևական ժամանակ կանոնավոր կերպով աշակերտները չեն հաճախում դպրոց, որովհետև դադարեցված է աշակերտական միկրոավտոբուսի ֆինանսավորումը:

Ի՞նչ է ստացվում, մի կողմից դասարաններն են միացնում, իբր դպրոցը պահելու համար, մյուս կողմից աշակերտներին զրկում են տրանսպորտից, ավելի պակասեցնելով դպրոցականների թիվը: Ուսուցիչների խնդիր էլ է առաջացել, որովհետև այլ համայնքներից եկող ուսուցիչները ցածր աշխատավարձով հրաժարվել են գալ և դաս տալ լուսաշողցիներին: Այսպես հեռու չէ այն օրը, երբ դպրոցն ուղղակի կփակեն, ինչպես ծննդատները:

Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը մի սանրով սանրում է բոլորին, առանց հաշվի առնելու տեղային առանձնահատկությունները, ինչ է թե՝ օրենքն է էդպես պահանջում: Ո՞ւմ են պետք այդ օրենքները, եթե ոչ մարդուն: Այս գյուղերը սահմանամերձ են, առանց այդ էլ դժվարին իրավիճակում են և աստիճանաբար դատարկվում են: Միակ բանը, որ մարդկանց դեռևս կապում է հարազատ օջախներին, դպրոցն է, որն էլ իրենց «օպտիմալիզացիայով» դնում են փակման վտանգի առաջ: Լուսաշողի և հարակից գյուղերի բնակիչներն արդեն հարթավայրի քաղաքներում բնակարան են փնտրում, միայն թե երեխաները նորմալ կրթություն ստանան: Նկատի ունեցեք, նրանք ջիփ չեն ուզում, ճոխություններ չեն ուզում, սովոր են սեփական դժվարություններն ինքնուրույն հաղթահարել, ձմռան ամիսներին պատրաստ են աշխարհից կտրված գոյատևել: Փոխարենը դպրոց են ուզում, իրենց երեխաների համար կրթություն և ապագա են ուզում, իրենց օջախների ծուխը պահել են ուզում:

Վարչապետն ամեն հարմար առիթով պնդում է, որ երկրում փողի պակաս չկա, նույն մարզի մարզպետն ու իր արբանյակները միլիոնանոց աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, Արարատն էլ Հայաստանի ամենահարուստ մարզերից մեկն է, բայց մի հատիկ գյուղի դպրոցը պատշաճ ֆինանսավորել չեն ցանկանում: Հավանաբար, ինչպես ծննդատների դեպքում, այստեղ էլ հիմքում միայն չոր հաշվարկներն են: Իսկ այդ հաշվարկներից դուրս են բարոյական արժեքները, մարդկային ճակատագրերը, երկրի վաղվա քաղաքացու կարծիքը այդ նույն երկրի մասին, որի սահմանը պահում են:

Եթե կառավարությունում կարդում են այս տողերը, Սունդուկյանի Պեպոյի պես հարց ենք տալիս. լա՛վ, ձեր կառավարական դավթարներում չկա, բա խղճի դավթարո՞ւմ էլ չկա: Ինչպե՞ս եք արդարանալու ձեր խղճի առաջ, երբ 21-րդ դարում դպրոցը շպրտում եք 19-րդ դար:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան