Foto

Մհեր Գրիգորյան․ Գազը սահմանին չի թանկանա ողջ 2020 թվականի համար

Գազի գինը 2020 թվականի հունվարի 1-ին գազի գինը չի թանկացել և չի թանկանա ողջ 2020 թվականի համար։ Դա այլևս պայմանավորված հարց է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հարցին։

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ կա նաև պայմանավորվածություն՝ մինչև ապրիլի 1 սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի. «Հիմա քննարկումներ են ընթանում, որոնք դեռ ամփոփված չեն, ըստ այդմ այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում։ Ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո՝ այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետև երբ միասին խոսել ենք գազի գնի սակագնի բաղադրիչների մասին, այդ բաղադրիչների մեջ կան երեք հիմնականը՝ գինը սահմանին, որն այս տարվա համար քննարկման հարց չի, ընթացիկ ծախսերը, որոնք հեշտ է գնահատական տալ և արագ պայմանավորվել, բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց։ Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է։ Հնարավոր է՝ այնուամենայնիվ հայկական «Գազպրոմ»-ն ինչ-որ նոր ասելիքներ ունենա և ըստ այդմ հանրայնորեն բաց և թափանցիկ այդ հարցը կքննարկվի»,-նշեց Մհեր Գրիգորյանը՝ վերահաստատելով, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու։

Հարցին՝ հնարավոր է պետբյուջեից փոխհատուցեն բնակչությանը, եթե գազի գինը բարձրանա, Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մենք միասին հասկանանք, որ այո հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն, ծախսերի անհրաժեշտություն և այլն, բնականաբար կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի և չեմ կարծում՝ պրոբլեմների առաջ կանգնենք»,-նշեց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ որևէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չկա։
Անդրադառնալով համակարգի ներդրումներին՝ փոխվարչապետը նկատեց, որ եթե նման հարց քննարկվի, ապա դա քննարկվելու է ոչ թե մեկանգամյա, այլ տասը տարվա կտրվածքով, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։