ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ուշագրավ դիտարկում արեց, որը գլխիվայր շրջում է դատական համակարգի նկատմամ բոլորի և բոլոր պատկերացումները: Հակադարձելով ամբողջ դատական հմակարգին վաղ թոշակի ուղարկելու վերաբերյալ հնչած կարծիքին, նա չհամաձայնվեց որ երկրի դատական համակարգը վստահություն չունի:
Երկրի քաղաքացիները նախկինում էլ չէին վստահում դատարաններին ու դատավորներին, բայց քանի որ նախկին իշխանություններն այդպես չէին մտածում, գնացին «վաղ թոշակի»: Ժողովուրդը հիմա էլ չի վստահում դատական համակարգին ու Նիկոլ Փաշինյանի կոչով, ով նույնպես չէր վստահում, դատարանները շրջափակեցին ու կաթվածահար արեցին: Ի դեպ, Ալեն Սիմոնյանի «կանտորայի» պատգամավորների մեծ մասը նույնպես այդ օրը դատարանների մոտ «էքսկուրսիա» էր գնացել: Հիմա ի՞նչ է փոխվել, որ դատարաններն ու դատավորներն այդքան վստահելի են: Եթե վստահելի են, ապա ինչի՞ մասին է այս «կինոն»: Պատասխանները մի քանիսն են՝ կա՛մ Սիմոնյանը չի կիսում Փաշինյանի ու մյուս թիմակիցների կարծիքը, կա՛մ Փաշինյանն ու թիմն են իրենց կարծիքը փոխել Աննա Դանիբեկյանի դատավարական լայվերից ու Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո: Երկրորդ տարբերակն ամենաիրատեսականն է, որովհետև դատավորների մեծամասնությունը շատ արագ «ըմբռնեց» հեղափոխության ոգին ու ֆլյուգերի պես բռնել է «կուսակցության ու կառավարության» գիծը: Մյուս կողմից էլ իրենց բացահայտ ասում են, որ դուք շատ եք, ձեզ բյուջեի հաշվին թոշակի ուղարկող չկա և ձեր գինը «բիրիքով է», բա ի՞նչ անեն, որ վստահելի չդառնան:
Ցավալին սակայն այն է, որ այդ մետամորֆոզներից չի շահում հիմնական շահառուն՝ ժողովուրդը, որի անունից ընթանում է այս զավեշտը: Սա ակնառու նկարագրում է այն իրավիճակը, որ ստեղծվելու է, եթե ՍԴ դատավորները համաձայնեն վաղ թոշակին: Ունենալով Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն և Վահե Գրիգորյանի ՍԴ-ն, Նիկոլ Փաշինյանի «կանտորան» վայրկյան անգամ չի վարանի նախկինների պես սահմանադրություններ և ընտրություններ նկարել: Ճիշտ է, պողոսներին դա կներկայացվի որպես աննախադեպ ու բացառիկ, բայց դրանից թատրոնի սցենարն ու բովանդակությունը չեն փոխվում:
Հ. Գ.
Ի դեպ, ինչո՞ւ վաղ թոշակ չեն առաջարկում Տիգրան Մուկուչյանին: