Foto

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերին: Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանությունը բացարձակ առաջնահերթություն է: Ներկայացվող նախագծերի փաթեթը կոչված է ապահովելու դատավորների բարեվարքության գնահատման համար արդյունավետ և համալիր իրավական հիմքեր: Ըստ այդմ՝ բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջադրված նպատակի իրագործման համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք: Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Այսպես, դատավորի վարքագծի կանոններից հանվել են այն կանոնները, որոնք բնույթով ոչ թե կարգապահական, այլ էթիկայի կանոններ են, որոնց համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կամ արդարացված չէ կամ հնարավոր չէ՝ նորմի անորոշ, չափազանց լայն ձևակերպման պատճառով: Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը: Կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանց վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ և հույս հայտնել, որ բարձրացված բոլոր տարատեսակ և տարաբնույթ հարցերը հարթվել են:

Հավանություն է տրվել «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ գործող օրենքում ամրագրված չեն մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու ինստիտուտին, նախատեսված չեն այն բացառիկ հանգամանքները, երբ կարող է նոր ներման խնդրագիր ներկայացվել մերժելուց հետո ժամկետի չպահպանմամբ, ամրագրված չէ ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգը, ամրագրված չեն տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Նախագծով սահմանվել է ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված ժամկետներ՝ մասնավորապես, ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը 10-օրյա, իսկ անձնական գործը Ներման հանձնաժողով ներկայացնելու մեկամսյա ժամկետ: Ամրագրվել է նաև տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, նախատեսվել է ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ: Օրինագծով նախատեսվել է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ, կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ կերաշխավորվի նաև Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ԵՄ ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր բյուջետային օժանդակության ծրագրի խոշտանգումների դեմ պայքարին ուղղված մասով ստանձնած պարտավորության կատարումը: Օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է այդ նպատակի համար Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը: Հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, ոստիկանության ծառայողի հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին բանավոր նախազգուշացման պահանջը լինելու է պարտադիր: