Foto

Այգեշատ գյուղում շուքով նշվեց Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի ծննդյան 66 ամյակը

Նոյեմբերի 19-ը արցախյան հերոսամարտի լեգենդար հերոսներից մեկի՝ Յուրա Հովհաննիսյանի (26-ի Յուրա) ծննդյան օրն է: Պատերազմի առաջին օրերից անդամագրվելով մեր հայրենիքի ազատագրման սրբազան գործին՝ Յուրա Հովհաննիսյանը մեծ ներդրում է ունեցել «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության ձևավորմանը: 1990թ. հունվարի 13-ին մարտական առաջին մկրտությունը ստացել է Բաքվի հայտնի դեպքերից հետո` Իջևանի սահմանային գոտում, ապա եղել Երասխում, մեկնել Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնոսելսկ՝ որպես «Սասունցի Դավիթ» աշխարհազորայինների հետախուզական ջոկատի պետ: Նա մասնակցել է նաև Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրմանը: Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Յուրա Հովհաննիսյանը նշանակվել է քաղաքի առաջին պարետ:

Նրա սխրագործություններն ու անբասիր հրամանատարի կերպարը միշտ օրինակելի են ոչ միայն զինվորի, այլև երիտասարդների ու պատանիների համար: Ամեն տարի այս օրը Յուրայի ծննդավայրում՝ Արմավիրի մարզի այգեշատ գյուղում մեծ շուքով նշվում է սիրելի հրամանատարի ծնունդը: Նրա անունը կրող դպրոցի սաները համագյուղացիներին և հյուրերին ներկայացնում են Յուրա Հովհաննիսյանի կյանքը, մարտական ուղին, իսկ ընկերներն ու բարեկամները պատմում են նրա մասին իրենց հուշերը:

Արմավիր ԲԿ տնօրեն Սարգիս Խաչատրյանը Յուրա Հովհաննիսյանի համադասարանցին և մանկության ընկերն է: Հհպարտությամբ է հիշում, որ իրենց դասարանը Հայաստանի պատմության մեջ միակն էր, որ նույն տարում չորս ոսկե մեդալակիր շրջանավարտ ուներ և դրանցից մեկը հենց Յուրան էր: «Ինչ հանճարեղ գիտնական կդառնար, եթե պատերազմը չխլեր Յուրային մեզանից: Պատերազմի ժամանակ Յուրայի մայրը հիվանդ էր: Մի անգամ Յուրան մի քանի օրով տուն էր եկել, այն ժամանակ արդեն Շուշիի պարետն էր: Խնդրեցի, որ մնա, մոր կողքին լինի: Ասաց. «Դու բժիշկ ես, հիվանդության դեմ դու կռվի, ես թուրքերի դեմ դեռ կռիվ ունեմ»: Յուրայի մայրը ազգությամբ հույն էր և նա չէր թաքցնում, որ մի օր էլ Կիպրոսի համար է թուրքերի դեմ կռվելու»,- հիշում է Սարգիս Խաչատրյանը:

Այգեշատի դպրոցականները հպարտությամբ են նշում, որ իրենց կրթոջախը կրում է Յուրա Հովհաննիսյանի անունը և նախնական զինվորական պատրասըության դասընթացի մեկնարկին դպրոցի բակում գտնվող նրա հուշակոթողի մոտ հանդիսավոր երդում են տալիս անմնացորդ նվիրվել հայրենիքին, պատվով կատարել Յուրայի պատգամները:

Դեռ 1993 թվականին, երբ Յուրա Հովհաննիսյանը զոհվեց, դպրոցի բակում հուշակոթող է դրվել: Դպրոցի աշակերտական խորհուրդը որոշել է լեգենդար հրամանատարի 66 ամյակի կապակցությամբ հուշակոթողի տարածքը բարեկարգել, հուշաղբյուր դնել: Աշակերտների նվիրական մղումին արձագանքել է Խաչատրյանների ընտանիքը, որի շնորհիվ հուշակոթողը նոր տեսք է ստացել՝ դառնալով գյուղի տեսարժան վայրերից մեկն ու հերոսի հիշատակին վայել խոնարհումի տեղ:

Հայրենասիրական երգ ու պար, հաղթանակի ու հպարտության մթնոլորտ, հերոսի մեծարում. սա մի քանի բառով այն պատկերն է, որ ամեն տարի Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան դպրոցի բակում միավորում է 26-ի Յուրայի համագյուղացդիներին, հարազատներին ու զինակիցներին:

«Յուրան մեզ հետ է, նա միշտ մեր կողքին է»,- ասում են բոլորը: