Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է Yeni akit լրատվական կայքը:
Փայլանը նշել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոչ այլ ինչ են, քան տեղահանություն և ցեղասպանության փորձ՝ ՄԱԿ-ի բոլոր սահմանումներով:
«Ժողովրդագրության հետ խաղալ չի կարելի: Դա հանցանք Է: Նույն հիմքով Իսրայելը գրավում է Պաղեստինի տարածքները»,- ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորի ելույթը բուռն արձագանքներ է ստացել:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը դատապարտել է Փայլանի ելույթը՝ Թուրքիայի ռազմական գործողություններն Իսրայելի հետ համեմատելու համար: Զենգինի խոսքով՝ տարածաշրջանում այս իրավիճակի մեղավորը «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, իսկ ցեղասպանություն բառի օգտագործումը Փայլանի կողմից Զենգինը որակել է որպես պառակտում:
Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը:
«Անիծում եմ այդ խոսքերը: Թուրքիան իր պայքարը տանում է Սիրիայի հյուսիսի բնակչության և տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել է Աքչայը:
«Լավ» կուսակցության խմբակցության ղեկավարն էլ, իր հերթին, դատապարտել է խորհրդարանի ամբիոնից նման արտահայտությունների կիրառումը:
Իսկ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ Ժողովրդահանրապետականի ղեկավար Էնգին Ալթայն ասել է, որ չնայած Փայլանի որոշ խոսքեր չի ընդունում, բայց հիմնականում նրա խոսքը ճիշտ էր, իսկ եթե խորհրդարանը կարծիք հայտնելու հարթակ է, իրենց կարծիքը կարող են հայտնել բոլորը: