Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Աղաբեկյանի առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, որն առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մաս), ապա Հարությունյանն ասաց, որ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն բացահայտել էր «Մարտիկ» հիմնադրամից շուրջ 54 մլն դրամի հափշտակման դեպք վատնման միջոցով։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք նաև, որ պատճառված վնասը՝ մոտ 63,000,000 ՀՀ դրամը վերադարձվել էր։