Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն:
Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա փոխանցմամբ՝ կնոջը տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:
«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- մանրամասնեց ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:
Նշենք նաև, որ բացի կնոջից, վիրավորում են ստացել նաև նրա երկու երեխաները: Նրանք տեղափոխվել են Երևան՝ բժշկական կենտրոն։









