Foto

Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին

Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Ամսագրի հուլիսյան համարի էլեկտրոնային ամբողջական տարբերակը հասանելի է հետեւյալ հղումով:

«Պետք է հետեւի տնտեսական հեղափոխությունը

«2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Համընդհանուր եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է այս տարվա ապրիլի 4-ին: Այս պահին արդեն ԵՄ 11 երկրներ են վավերացրել այն: Սա մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալվում է ԵՄ-ի հետ խորացված եւ ընդլայնված համագործակցություն»,- նշել է դեսպանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ռազմավարական այս հատուկ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի անկախությունից ի վեր սերտանում են վերջինիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մենք նաեւ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ: Մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ՛, եւ՛» սկզբունքի վրա: Սա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ՝ միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ», հավելել է դիվանագետը:

Գերմանիան առաջին երկրներից էր, որ դեռ 1991թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: «Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում եւ ընդլայնվում են: Հագեցած քաղաքական օրակարգ, մի շարք բարձրաստիճան երկկողմ այցեր, որոնք նպաստել են քաղաքական երկխոսության զարգացմանը: Մի կողմից, մշակույթի, կրթության եւ գիտության, մյուս կողմից, խորհրդարանական, քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ոլորտներում համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, եւ ես հպարտ եմ դրանով»,- ընդգծել է Սմբատյանը:

Գերմանիան հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը, եւ նրա երրորդ ուժեղագույն առեւտրային գործընկերն է ամբողջ աշխարհում: Դեսպանը մեծ ներուժ է տեսնում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մեջ. «Կարծում եմ, որ սա երկարաժամկետ առումով օգտակար է երկու երկրների համար»: