Նորից գարունը եկավ ու նորից, արդեն որերորդ անգամ, գյուղացիներն ահազանգում են պահեստարաններում մնացած ու փչացող գյուղմթերքի մասին: Ապրանքը աճեցրել, պահեստավորել են, սպասել գնորդներին, բայց դրանք չկան ու չկան…
Իրականում սա հողի սեփականաշնորհումից ի վեր մեր գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկն է: Իր ֆանտազիաների ու սահմանափակ հնարավորությունների ձեռքը կրակն ընկած գյուղացիների ամենամեծ փորձանքն է: Մարդիկ արտադրում են այն, ինչի հնարավորությունն ունեն ու կեղծ է այն մտայնությունը, որ եթե այս տարի կարտոֆիլը լավ է վաճառվել, մյուս տարի շատ կարտոֆիլ են ցանում: Զորօրինակ Շիրակի մարզում որ բազուկ, կարտոֆիլ ու ցորեն չցանեն, ի՞նչ անեն, հո ծիրանի այգիներ չե՞ն հիմնելու: Այլ բան է, որ գյուղացին իր հաշվարկներով բերքի մի մասը պահեստավորում է նոր տարուն, տրնդեզին կամ զատկին թանկ գնով վաճառելու նպատակով ու չի հաջողում, որովհետև թանկությունը սպանում է գնողունակությանը (նախատոնական թանկ առևտուրը՝ արհեստական կատեգորիա): Արդեն ջերմոցային տնտեսությունները թարմ կարտոֆիլ են վաճառում, բայց հինը դեռ «կրակի գին» ունի, խանութներում բազուկն ու գազարը ցեխախառն են վաճառում, կաղամբը՝ անանասի գնով: Արդյունքում ապարանքը մնում, դառնում է անասնակեր:
Հիմա ի՞նչ, գյուղացին վարուցանք չանի՞, շատ բարիք չարտադրի, որ եղածը թանկ վաճառի, թե՞ շատ արտադրի, բայց էժան ու շատ վաճառի և արդյունքում ավելի շատ եկամուտ ստանա: Այս երկընտրանքից գյուղացուն ազատողը միայն պետությունն է, որը անում է միանգամայն հակառակը: Օրինակ վերջերս պետական մակարդակով քննարկվում էր գնուղմթերքի արտահանման հարցը, ինչ-որ մեխանիզմներ էին քննարկում ու հիմնականում դրա արդյունավետությունը բացատրում էին նրանով, որ գյուղացու բերքը գինը չի գցի: Սխեման պարզ է՝ մի քանի միջպետական պայմանագիր ենք կնքում, որ արտահանում կազմակերպենք, ապրանքիքի պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում, ներքին շուկայում արհեստական դիֆիցիտ է առաջանում, որովհետև ֆերմերը սպասում է, որ սպայկաները կգան իր դուռը, ապրանքը կտանեն: Իրականում ամեն տարի այլ բան է ստացվում. ծիրանի արտահանման սեզոնին Լարսում սողանքներ, Սև ծովում փոթորիկ, կամ էլ մի հորինովի պատճառով կարտոֆիլի ու պոմիդորի մեջ մի ցեց են հայտնաբերում սելխոզնադզորներում ու բերքը դառավ անասնակեր:
Ոլորտի գիտակները արդեն քանի տասնամյակ խոսում են գյուղատնտեսական կոոպերացիաների, մարզերում պլանային գյուղատնտեսության մասին: Փոխարենը գրանտներ ու վարկեր ենք մսխում ու ամեն գարուն դեմքի դժբախտ արտահայտությամբ ֆերմերներին համոզում, որ մեղքը թուրքերինն ու համաշխարհային դավադրության կենտրոններինն է, դրանք չեն ուզում, որ մենք լավ ապրենք, էն Ղարաբաղի հարցն էլ մյուս կողմից…
Իրականում դեռ մեկ տարի առաջ պետությունը տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններից պետք է պահանջեր իրական տվյալներ (ձեռքի հետ էլ հասկանար ոռոգման ջրի իրական պահանջարկը, մշակվող հողերի իրական պատկերը, աղքատության նպաստների հասցեականությունը, անսունների գլխաքանակի ու արոտավայրերի մասին իրական տեղեկատվությունը), ու արատահանումը կազմակերպեր այնպես, որ տեղական շուկայում դեֆիցիտ չլիներ, իսկ արտաքին շուկայի համար նոր հնարավորություններ ստեղծեր ֆերմերների համար: Եվ սա վերաբերվում է բոլոր իշխանություններին, որոնք այս ուղղությամբ մատը մատին չեն տվել: Արդյունքում ճարպիկ միջնորդները ձեռքները տաքացրել են գյուղացիների հաշվին, պետական չինովնիկները «սև» այգիներ ու արոտավայրեր են պահել, Սևանից հավելյալ ջրառ, Թուրքիայից պոմիդոր, Իրանից սոխ ու ձմերուկ, աղքատության նպաստից ու պետգնումներից ատկատ…
Ի դեպ՝ պետգնումների մասին: Հիշում եմ, որ դեռևս 2017 թվականին խոսվում էր, որ բանակի կարիքների համար գնումներ կատարելիս պետք է առաջնայնությունը տալ տեղակայման մարզերի արտադրողներին: Դա արվու՞մ է, թե նախկինների նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ անունը լսել չենք ուզում: Թե նախկինի պես նեխած բայց էժան տարբերակով ընկեր-բարեկամից ենք գնումներ անում:
Հիմա կասեք, որ իրավիճակ է փոխվել, ատկատ չկա, կոռուպցիան՝ արմատախիլ, օլիգարխները՝ «կուռկուռի ձագ», հակահեղափոխություն, բայց այս տարի ամեն ինչ լավ է լինելու: Սակայն մի կարևոր հանգամանք չմոռանաք, արդեն գյուղատնտեսության նախարարություն չունենք, «Սպայկան» սնանկացման եզրին է և արդեն հայտարարել է, թե որ համայնքներից մթերում չի անելու, վերամշակող ձեռնարկությունները ֆինանսական խնդիրներ ունեն դեռ նախորդ տարվանից: Միգուցե գյուղացիների մոտ բերքի ավելցուկ էլ չլինի, որովհետև գյուղացին որքան էլ միամիտ, բայց հաշվել գիտի, հեռուստացույց նայում է, ֆեյսբուք ունի: Այս տարի քիչ է ցանելու:
Իշխանությունները ոլորտն ինքնահոսի թողնելու փոխարեն հիմա պետք է դռնեդուռ ընկած ֆերմերներին բացատրեին, խնդրեին կոոպերացիաներ ստեղծել, ճիշտ տնտեսություն վարել, արտահանողներին ու վերամշակողներին խնդրեին ու երաշխիքներ տային, որ վերջիններս նախավարկավորում կատարեին, բայց կարծես երեսատեղ չունեն: Դե կոոպերացիայի մասին երևի չեն էլ հիշում, նախարարություն չկա, ո՞վ հավես ունի:
Ի՞նչ մնում անել գյուղացիներին, ճիշտ է՝ աղքատությունը հանել գլխներից և հանգիստ նստել տեղները: