Foto

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղին անհատույց տարածք կտրվի

ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 2100քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի» Երևանի մասնաճյուղին: 

«Տարիներ առաջ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանին ընդհանուր օգտագործման իրավունքով հատկացվել էր Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի շենքի մարզահրապարակը, ավելի ուշ կատարվել է արդեն դպրոցի շենքի սեյսմակայունության ուսումնասիրություն ու եզրակացվել, որ շենքը ենթակա է քանդման, ոչ թե ամրացման: Համապատասխանաբար նրա փոխարեն պետք է կառուցվի նորը: Այդ կառուցման նպատակով անհրաժեշտ է, որ մարզահրապարակի մի մասն առանձնացվի ու օգտագործվի կառուցապատման նպատակներով»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Որոշմամբ առաջարկվում է հատկացված տարածքի միայն մի մասը թողնել հաստատությանը:

«Առաջարկվում է 4720քմ ընդհանուր մակերեսով միայն 2100քմ թողնել այն հաստատությանը, որն այժմ կոչվում է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, և մյուս մասը վերադարձնել դպրոցի կառուցապատման ծրագրին»,- նշեց նախարարը: