Վիտամին D-ն կարող է կարևոր դեր խաղալ գրիպի վիրուսի դեմ պայքարում՝ օգնելով վերահսկել բորբոքային արձագանքը և նվազեցնել թոքերում վիրուսի քանակը։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են վարակի ընթացքը մկների մոտ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Immunology ամսագրում։ Գիտնականներն ուսումնասիրել են վիտամին D-ի ռեցեպտորների (VDR) և պարաթիրեոիդ հորմոնի դերը գրիպի A տեսակի ենթատեսակներից մեկի՝ H1N1 վիրուսի դեմ պայքարում։
Վիտամին D-ի ռեցեպտորներից զուրկ և, հետևաբար, այդ վիտամինը սովորական եղանակով օգտագործել չկարողացող մկների մոտ ախտանշաններն ավելի ծանր են եղել, և վիրուսից ձերբազատումն ավելի դանդաղ է ընթացել։ Այս խմբում մահացությունը կազմել է 21 տոկոս։ Բացի այդ, կենդանիների թոքերում նկատվել է իմունային ակտիվության ուժեղացում, ինչը կարող էր նպաստել չափազանց ուժեղ բորբոքմանն ու հյուսվածքների վնասմանը։
«Ըստ երևույթին, վիտամին D-ն կարևոր է գրիպով վարակվելուց հետո իմունային համակարգի բնականոն վիճակի վերականգնմանն օգնելու համար։ Եթե իմունային համակարգը շարունակում է աշխատել իր հնարավորությունների սահմանագծին, բորբոքումն ուժեղանում է, ինչը կարող է հանգեցնել թոքերի ավելի մեծ վնասման», — պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ, Փենսիլվանիայի նահանգի համալսարանի մոլեկուլյար իմունաբանության պրոֆեսոր Մարգարիտա Կանտորնան։
Հետազոտողներն ուսումնասիրել են մկների մի քանի խմբեր, որոնց մոտ խախտված էին վիտամին D-ի հետ կապված տարբեր մեխանիզմներ։ Մասնավորապես, նրանք հետևել են պարաթիրեոիդ հորմոնի՝ արյան մեջ կալցիումի խտությունը կարգավորող նյութի բարձր մակարդակ ունեցող կենդանիներին, ինչպես նաև այն մկներին, որոնց մոտ վիտամին D-ի ռեցեպտորները բացակայում էին բացառապես իմունային համակարգի միելոիդ բջիջներում։ Այս խմբին են պատկանում մակրոֆագերը և այլ բջիջներ, որոնք մասնակցում են վարակի նկատմամբ վաղ իմունային պատասխանին։
Բոլոր երեք մոդելներում գիտնականները հայտնաբերել են ավելի ծանր ախտանշաններ, ավելի բարձր վիրուսային բեռնվածություն և ավելի արտահայտված բորբոքում՝ առողջ մկների ստուգիչ խմբի համեմատ։ Սա վկայում է այն մասին, որ վիտամին D-ի ռեցեպտորները, պարաթիրեոիդ հորմոնի մակարդակը և միելոիդ բջիջներում ռեցեպտորների առկայությունը կարող են միմյանցից անկախ ազդել գրիպի ընթացքի վրա։
Աշխատանքի առաջատար հեղինակ, Փենսիլվանիայի համալսարանի ախտակենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մենչժու Տանի խոսքով՝ ստացված արդյունքները կարող են կարևոր լինել վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց համար։ Այս վիտամինի անբավարարության դեպքում օրգանիզմն ավելացնում է պարաթիրեոիդ հորմոնի արտադրությունը՝ փորձելով պահպանել արյան մեջ կալցիումի բնականոն մակարդակը։ Վիտամին D-ի պակասի լրացումն օգնում է կարգավորել իմունային արձագանքը և հորմոնի մակարդակը բերել նորմի։
Սակայն հետազոտողները ընդգծել են, որ առայժմ խոսքը կենդանիների վրա ստացված նախնական արդյունքների մասին է։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք նման մեխանիզմները գործում են նաև մարդկանց մոտ։
Բացի այդ, գիտնականները խորհուրդ չեն տալիս գրիպով հիվանդանալու դեպքում ինքնուրույն ավելացնել վիտամին D-ի դեղաչափը։









