Foto

Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք

Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով թեմատիկ գնացք, որը սահմանափակ ժամանակով կերթևեկի երկրի հարավ-արևմուտքում, հայտնել է Kyodo-ն։

Վեց վագոնից բաղկացած Magical Journey ճեպընթացն իր առաջին ուղևորությունը սկսել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին։ Նախագիծն իրականացնում է JR Kyushu երկաթուղային ընկերությունը՝ համատեղ գովազդային արշավի շրջանակում, որը կտևի մինչև հունիսի վերջը։

Մեկնման արարողությունը տեղի է ունեցել Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Հակատա կայարանում։ Մասնակցել են տարրական դպրոցի չորս 11-ամյա աշակերտներ. նույն տարիքում էր Հարրի Փոթերը, երբ ընդունվեց Հոգվարթս։ Երեխաները միջոցառմանը եկել էին կախարդական թիկնոցներով և փայտիկներով։

Գնացքի վագոնները զարդարել են Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհի հետ կապված պատկերներով, այդ թվում՝ Հոգվարթս ամրոցի՝ հմայության և կախարդության դպրոցի պատկերով, որը դարձել է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի գործողությունների գլխավոր վայրերից մեկը։

Շաբաթ օրվանից գնացքը կերթևեկի Կյուսյու տարածաշրջանի մի քանի երթուղիներով։ Դրանց թվում են Հակատա կայարանը Օիտա քաղաքի հետ, ինչպես նաև Հակատան Կիտակյուսյու քաղաքի Մոձի-կո կայարանի հետ կապող գծերը։ Մյուս երթուղիներով ուղևորները կկարողանան հասնել այնպիսի վայրեր, ինչպիսին է Սագա պրեֆեկտուրայի Հիձեն-Կասիմա կայարանը։

JR Kyushu-ի տվյալներով՝ հունվարի կեսերից թեմատիկ գնացքը կսկսի սպասարկել նաև այլ ուղղություններ, այդ թվում՝ Հակատայից Միյաձակիի օդանավակայան տանող երթուղին։

Արշավի շրջանակում ուղևորները կկարողանան ձեռք բերել ֆրանշիզայի մոտիվներով բացառիկ հուշանվերներ։ Բացի այդ, երկաթուղային կայարաններում կկազմակերպվեն կնիքների հավաքման հատուկ միջոցառումներ. մասնակիցները կայցելեն երթուղու տարբեր կետեր և կհավաքեն հուշադրոշմներ՝ յուրատեսակ գանձերի որոնում կախարդական աշխարհի երկրպագուների համար։