Foto

ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց երբեք չի եղել ո՛չ հանրային, ո՛չ քաղաքական օրակարգում. Նարեկ Մինասյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամագրվել ՆԱՏՕ-ին: Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը կարծես թե կայուն չեն: Մեծ հաշվով մենք այնտեղ գործընկերներ չունենք: Vesti.am-ը քաղաքագետ Նարեկ Մինասյանին խնդրեց մեկնաբանել վարչապետի պաշտոնակատարի դիտարկումները.

-Պարոն Մինասյան, արդյո՞ք այդ հայտարարությունը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի օրակարգն սպառված կամ փակված է:

Իհարկե ո՛չ. Հայաստանը, լինելով ՀԱՊԿ հիմնադիր և լիիրավ անդամ, զարգացրել և զարգացնելու է իր համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին իր խոսքում ընդգծել է նաև վարչապետի պաշտոնակատարը: Այո, Հայաստանն այսօր չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով: Սակայն, դա չի նշանակում նաև, որ Հայաստանը չի շարունակելու համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը բավական ակտիվ է և ունի բավական լայն ոլորտային ընդգրկում՝ խաղաղապահություն (Աֆղանստան, Կոսովո), արտակարգ իրավիճակների կառավարում, քաղաքացիական պաշտպանություն, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումների գործընթաց և այլն:

- Եթե դա որոշում է, ապա արդյո՞ք այն չպետք է քննարկվեր խորհրդարանում:

ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց երբեք չի եղել ո՛չ հանրային, ո՛չ քաղաքական օրակարգում: Ըստ էության, որևէ նոր բան չկա Փաշինյանի այդ հայտարարությունում. ընդամենը դիրքորոշման վերահաստատում:

- Այդ հայտարարությունը ինչ-որ կերպ կնպաստի՞ ՀԱՊԿ-ում մեր դիրքերի ամրապնդմանը, թե՞ հակառակ էֆեկտ կունենա:

Վարչապետի պաշտոնակատարի ամբողջական հայտարարությունը պարունակում է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունից բխող պարտականությունների և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեր հանձնառությունների վերահաստատում: Հայաստանը այդ երկու ուղղություններով իր համագործակցությունը երբեք չի դիտարկել հակադրման մեջ, ավելին՝ չի փորձել նաև այդ ամենից քաղել կարճաժամկետ դիվիդենտներ: ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը և ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության ճարտարապետության բաղադրիչներն են՝ յուրաքանչյուրն իր ուրույն կարևորությամբ և դերակատարմամբ:

- Ընդհանրապես, Հայաստանի պես երկրին շահեկա՞ն է հրաժարվել այլընտրանքային անվտանգության համակարգից:

Անդամակցության չձգտելը դեռևս չի նշանակում չհամագործակցել: Դիվերսիֆիկացման սկզբունքը բավական կարևոր է Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ պաշտպանական քաղաքականության համար: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր և ակտիվ անդամ, որը համագործակցում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ, այլ նաև առանձին մի շարք երկրների: Դրանք իրար որևէ կերպ չեն հակասում:

Լուսինե Առաքելյան

Vesti.am