Foto

Վաթսուն հազար մարդ գտնվեց, որ ատում է Հայաստանը. Հայկ Ա. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը նախընտրական փուլում հարաբերական լռություն էր պահպանում: Հիմա, երբ քվեարկությունն արդեն կայացել է և հայտնի են նախնական արդյունքները, Vesti.am հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքագետը ընտրությունների և նոր ձևավորված Ազգային ժողովի մասին:

- Պարոն Մարտիրոսյան, ո՞րն է, Ձեր խոսքով, «նոր Հայաստանում ոչ դրական իրականության» բնորոշումը, ինչն է Ձեզ մտահոգում:

- Մտահոգում է, որ Հայաստանում շուրջ վաթսուն հազար մարդ գտնվեց, որ ատում է Հայաստանը և հավանություն է տալիս երկիրը ոչնչացրածներին: Դա այն զանգվածն է, որի մի մասը հաստատ մասնակցել կամ սնվել է այն պրոցեսներից, որոնք ֆրանկլինգոնզալեսներ են ծնել: Այդ մարդիկ ֆրանկլինգոնզալեսների են ընտրել երեկ և դա այն թիվն է, որ հստակ ցույց է տալիս այն մարդկանց քանակը, որ տուժել է երկիրը մաքրելուց և կոռուպցիան կասեցնելուց: Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ խորհրդարանը մասամբ հինը մնաց: Չմտան նոր ուժեր, թարմ արյուն չներարկվեց: Դա ոչ հեղափոխական իրավիճակ է և հեղափոխության սկզբունքներին չհետևելու արդյունք: Երկու հանգամանքն էլ, ցավոք, մեծ գլխացավանք են դառնալու նոր իշխանության համար՝ շեղելով նրան անմնացորդ գործով զբաղվելու կարողությունից:

- Ո՞ր ուժերին կուզեիք տեսնել խորհրդարանում: Արդյո՞դ այդ ուժերին դիտարկում եք որպես հակակշիռ «Իմ Քայլին», թե՞ այլ ակնկալիք ունեք նրանցից:

- Հակակշիռներ փնտրել կամ ստեղծել պետք չէր: Պետք էր քվեարկել և խորհրդարան անցկացնել ուժերի, որոնք նոր ասելիք կունենային: Նոր ասելով՝ նախևառաջ տարբեր՝ նրանից ինչ ասել են և ասում են ՔՊ-ն, ԼՀ-ն և ԲՀԿ-ն: Այդ ուժերը դրսում մնացին՝ մինչդեռ ծառայություն կարող էին մատուցել խորհրդարանական կառավարմանը՝ իրենց ներկայությամբ և բոլորովին այլ որակի դիսկուրս մտցնելով: Հիմա նրանք խոսելու են դրսից, իսկ դրսում գործն այնքան էլ արդյունավետ չէ: Հեղափոխությունը պետք է սրբեր-տաներ այն ամեն արատավորն ինչ եղել էր նախկինում, ոչ թե հանդուրժեր, որ որոշ ավերիչ ուժեր մասնակցեն ընտրություններին և զրոյից որոշակի լեգիտիմություն ստանան, իսկ որոշներն էլ համարեն, որ քիչ բան է փոխվել:

-Կադրային առումով նոր ձևավորվելիք կառավարությունից ի՞նչ ակնկալիք ունեք:

Ակնկալիքը պարզ է: Որ որակյալ կադրեր կներգրավվեն իշխանության մեջ: Դա, կարծես թե այս իշխանության ամենաուժեղ կետը չէ և այդ առումով հսկայական ու բարդ աշխատանք պետք է կատարվի: Ամեն դեպքում՝ հիմա լավ հնարավորություն է իշխանության համար կադրային վրիպումները սրբագրել-խմբագրելու և նոր որակի իշխանական համակարգ ձևավորելու: Տեսնենք, թե ինչ կլինի այդ առումով:

Vesti.am