«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի ընդգրկվել թիմի՝ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղի հայտացուցակում: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին բրազիլացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել:
Հաղորդվում էր, որ վնասվածքի պատճառով Կոուտինյոն բաց կթողնի երկու շաբաթ, իսկ «Աթլետիկոյի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ կլինի:
Կատալոնական թիմի հայտացուցակում ընդգրկվել է Ուսման Դեմբելեն, ով բաց է թողել վերջին հանդիպումները:
«Աթլետիկոյի» հետ խաղին չի մասնակցի նաև Իվան Ռակիտիչը, ով որակազրկված է:
Հավելենք, որ «Աթլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Աթլետիկոն» կատալոնական թիմին զիջում է 1 միավորով:









