Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը միմյանցից որոշակիորեն տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների և նպատակահարմարության վերաբերյալ։
Նման բացատրությունների անհրաժեշտությունը պետք է, որ պայմանավորված լինի ամերիկյան հասարակական կարծիքում առկա կասկածների առկայությամբ և դրանք փարատելու՝ վարչակազմի մտահոգությամբ։
Վաշինգտոնի՝ պատերազմի մեջ մտնելու պատճառի կարծես թե իրականությանն ամենամոտ պատկերը այսօր ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն, որը նշել է, թե Թել-Ավիվն ամեն դեպքում հարված էր հասցնելու Իրանին, և նման հարձակումից հետո վտանգ կար, որ իրանական պատասխանը կլիներ ոչ միայն Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի ամերիկյան ուժերի ուղղությամբ, ինչը ԱՄՆ-ի զինուժում կհանգեցներ ավելի մեծ զոհերի թվի, քան այժմ կա։
Այն որ Իսրայելի հարձակումը պարտադիր կերպով չէր նշանակելու իրանական պատասխան հարված ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմական ներկայությանը, կարելի է փաստել նաև 12-օրյա պատերազմի փորձով, երբ իրանցիներն, այն էլ նախօրոք զգուշացնելով Կատարի իշխանությանը, հրթիռակոծեցին այդ երկրում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանը, Իրանի տարածքի՝ ամերիկյան ռմբակոծությունից հետո միայն։
Նեթանյահուի կողմից ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին ռազմական գործողությունների սկզբից հետո խոսել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը, հավանաբար, ՆԱՏՈ-ի խողովակներով նույնպես տեղեկացված էր եղել»։









