Foto

ՈւԵՖԱ-ն արձագանքել է Ռամոսի՝ դոպինգ-թեստը ձախողելու վերաբերյալ լուրերին

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես արձագանքել է Football Leaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն՝ կառույցի ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ձախողել է Չեմպիոնների լիգայի 2017 թվականի եզրափակչից հետո հանձնած դոպինգ-թեստը, սակայն որևէ պատժամիջոց չեն կիրառել:

«ՈւԵՖԱ-ի դոպինգ-վերահսկումը կատարվում է հակադոպինգային համաշխարհային գործակալության կանոնակարգին համապատասխան:

ՈւԵՖԱ-ն հակադոպինգային գործակալությանը և ՖԻՖԱ-ին տեղեկացնում է  կանոնների խախտման մասին, ներկայացնում է նման դեպքերի ուսումնասիրությանն առնչվող մանրամասն տեղեկատվություն, փորձագետների զեկույցներ և ապացույցներ:

Հակադոպինգային գործակալությունը և ՖԻՖԱ-ն իրավունք ունեն Սպորտային վերաքննիչ դատարանում (CAS) բողոքարկել ՈւԵՖԱ-ի ցանկացած որոշում, սակայն այս գործի վերաբերյալ ո՛չ ՖԻՖԱ-ից, ո՛չ հակադոպինգային գործակալությունից որևէ բողոք CAS չի ներկայացվել:

Հակադոպինգային գործակալությունում պաշտոնապես հաստատել են, որ ՈւԵՖԱ-ն ամեն ինչ արել է ըստ սահմանված կարգի և կանոններին համապատասխան»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրությունում: