Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանն ասել է, որ մենք շատ բան կարող ենք ստեղծել, շատ տաղանդավոր մադիկ են ծնվում հայերի շրջանում, ովքեր հիմնականում ծառայում են օտարներին, բայց պետք է այդ պոտենցիալը ճիշտ օգտագործել ուժեղ ազգ դառնալու համար:
Բացի այդ, հոգեբանը կարծում է, որ բիզնեսմենները պետք է հարկեր վճարեն, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, զենք գնի.
-Պետությունը զենք վաճառողից փող է վերցնում, որ նրանից զենք գնի, ամոթալի բան է: 200 միլիոնը մեր միլիոնատերերի համար մեծ փող չէ, կարող էին տալ: Դրա փոխարեն եկեղեցի է կառուցում մեկը, որ իր հիշատակը մնա աշխարհում, բայց անգամ հավատացյալ էլ չէ: Մի ժամանակ գող կամ աթեիստ կոմունիստ գործիչ է եղել, հիմա եկեղեցի է կառուցում, որ վրան իր անունը գրվի: Հետո էլ երկրի ղեկավարները կաթողիկոսի հետ գնում են, հանդիսավոր կերպով Աստծո մասին են խոսում, օծում են այդ եկեղեցին,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ եկեղեցու կառուցմանն ուղղված 30 միլիոնն այդ մարդը կարող էր տալ զենքերի գնման համար և պարտք չէին վերցնի ու հպարտությամբ կարող էին զենք գնել:
Ալբերտ Նալչաջյանը նշել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրավել են որոշ դիրքեր, բայց, նրա խոսքով՝ մենք անգամ մեկ քառակուսի մետր կորցնելու իրավունք չունենք:
Հոգեբանի խոսքով՝ հայկական կողմի մոտավորապես 100 զոհերն ու 20-ից ավելի անհետ կորածներն ապիկարության հետևանք են.
-Կարծում եմ՝ եթե Մովսես Հակոբյանը մնար իր տեղում, նման բան չէր կատարվի, երևի ԼՂ ՊՆ նոր նախարարը մի քիչ ինքնավստահ է ու անզգույշ, ես դա ենթադրում եմ, բայց գուցե տաղանդավոր զորավար է-ասել է նա:
Vesti.am