Պատմաբանները միջազգային մակարդակով աշխատում են Ցեղասպանության թեմայի վրա, բայց հոգեբանական հետազոտություններ գրեթե չեն կատարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ հայ հեղինակներն այս մասին ելույթ ունենալիս միշտ նշում են 1915-ի ցեղասպանությունը.
-Հայերի Ցեղասպանությունը տևել է 2 տասնամյակ և հզոր պետությունները ոչ մի լուրջ միջամտություն հայերի օգտին չեն արել, ինչպես հիմա՝ Ղարաբաղի հարցում,-ասել է հոգեբանը:
Ալբերտ Նալչաջյանի խոսքով՝ այս երկու իրադրությունները տարբեր են, բայց նման սպառնալիք տեսնում է և կարծում է, որ կա համախմբման հարց:
Ալբերտ Նալչաջյանը նշել է, որ կան ազգեր, որոնք կարծում են, թե աշխարհ են եկել հատուկ առաքելությամբ՝ այլ ազգերի ճակատագիրը տնօրինելու համար, որոնցից մեկն էլ թուրքերն են և այս միտումը մինչև այժմ դրսևորվում է: Բայց, դրա հետ մեկտեղ էլ կան հայ մարդիկ, ովքեր ասում են՝ բավական է թուրքերը Ցեղասպանության համար ներողություն խնդրեն և վերջ.
-Բայց դա վերջը չէ, այլ հաջորդ փուլի սկիզբն է: Դա միայն նրա համար է, որ մարտական ոգին ճնշվի և անսպասելիորեն հարձակվեն, ինչպես, որքան էլ ցավալի է, վերջին հարձակումն էր Ղարաբաղի վրա, որն իր մեջ անսպասելիության պահ ուներ, դրա համար էլ մոտ 100 մարդ կոտորվեց, 20-30 հոգի անհետ կորած են,-ասել է նա:
Բանախոսը նկատել է, որ մեր ժողովուրդը շուտ է հավատում օտարներին, ընկնում նրանց ազդեցության տակ.
-Երբ Օսմանյան կայսրության ժամանակ մտավորականներին աքսորում էին, հայկական մի շարք գյուղեր կային, որ ասում էին` թուրքը նման բան չի անի, մինչև հերթը հասավ նրանց: Կամ հայ երիտասարդներին զորակոչեցին օսմանյան բանակ, ապա ամենադաժան ձևով սպանեցին: Փաստաթղթեր կան, որտեղ գրված է` ինչպես էին երիտասարդ հայ զինվորներին օսմանյան բանակում վերևից գցում ներքև, իսկ թուրք կանայք ներքևում եղաններով, դանակներով սպանում էին նրանց,-ասել է հոգեբանը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ անգամ կոտրում է հանրային որոշ շրջանակներում ամրապնդված այն կեղծ թեզը, թե թուրք ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը չի մասնակցել:
Հոգեբանի խոսքով` վերջերս թուրք ազգի մասին դրական էր արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
-Պուտինը հայտարարեց, որ թուրք ժողովուրդը բարի ժողովուրդ է և դա այն բանից հետո, երբ օդում խոցեցին ռուսների ուղղաթիռը: Թուրք սոցիոլոգները հետազոտություն արեցին և թուրքերի 85 տոկոսն ասել էր, որ ճիշտ են արել, որ ուղղաթիռը խոցել են,-ասել է նա՝ ընդգծելով, որ դարերի ընթացքում ռուսներն ու թուրքերը միմյան դեմ 13 պատերազմ են ունեցել:
Vesti.am