Foto

Իլհամ Ալիևը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ. Ռամիս Յունուս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ «չորսօրյա պատերազմ» սանձահարելով Ղարաբաղում, մեծ կորուստներ տալով և չհասնելով ոչնչի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտասահմանից հեռարձակվող «Ազերբայջան սաաթը» (Ադրբեջանի ժամ) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Meydan TV-ի մշտական հեղինակ Ռամիս Յունուսը:

Ադրբեջանցի փորձագետի խոսքով` այդ պատերազմի պատճառը հանդիսանում է պատերազմից մեկ օր առաջ Panama Papers-ում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների օֆշորային միլիարդավոր կոռուպցիոն դոլարների վերաբերյալ քննարկումից հանրության ուշադրությունը շեղելու իշխանությունների ցանկությունը:

«Իլհամ Ալիեւի 12 տարվա իշխանության գլուխ եղած ժամանակաշրջանում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ դեպի լավը չի փոխվել, այլև հակառակը, շատ հարցերում ավելի վատ է դարձել, այդ թվում` սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում: Ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով, երկրում սաղմնային վիճակում ճնշվում է այլախոհությունը, քաղաքացիական հասարակությունը գրեթե ոչնչացված է, իշխանության բոլոր կառույցները վերից վար կոռումպացված են, բյուջեն գողացվում է, միլիարդավոր նավթադոլարները նստում են Ալիեւների ընտանիքի եւ նրա մերձավոր շրջապատի բանկային հաշիվների վրա: Հենց այդ գողացված փողերն են ներդրվում օֆշորային ընկերություններում: Եվ հենց այդ իրավիճակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերջին էսկալացիան:

Դրան զուգահեռ, բանական հարց է ծագում. ո՞ւմ էր պետք ոչ մի հաղթանակի չբերած, բայց Ադրբեջանի համար զգալի մարդկային կորստի վերածված այդ չորսօրյա ամբողջ «ուռա-հայրենասիրությունը»: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովին կատարել բազմիցս հայտարարած` «Ղարաբաղը կգրավենք» խոստումը: Եթե որեւէ մեկը մոռացել է, ասեմ, որ այդ մարդը, որը ժամանակին հանդիսանում էր Ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ժողովրդի հիշողության մեջ մնացել է նրանով, որ կառույցի ուժերն օգտագործել էր 2003 եւ 2005 թվականներին երկրում բնակչության հետընտրական զանգվածային բողոքները ճնշելու համար` անողոքաբար հաշվեհարդար տեսնելով ցուցարարների հետ:

Ինձ համար ամոթալի էր, երբ այդ անիմաստ պատերազմում մեր երիտասարդների զոհվելու ժամանակ բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները տպագրում էին Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի լուսանկարները, որոնք զբաղվում են իրենց երկրի թալանով եւ թաքցնում են փողերն արտասահմանում: Եվ դա մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Ամոթ եւ խայտառակություն: Եվ դրանից հետո նա ցինիկորեն շարունակում է ուռա-հայրենասիրական հայտարարություններ անել Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ: Էլ ինչ՞ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում բոլորը վերջնականորեն հասկանան, որ այդ ընտանիքը Ղարաբաղի թեման օգտագործում է միայն իր իշխանությունը պահպանելու համար», -ընդգծել է փորձագետը:

Այն հարցին, թե ով՞ պետք է պատասխան տա մարտական գործողություններում Ադրբեջանի ունեցած հարյուրից ավելի մահացած եւ 500-ից ավելի վիրավոր կորստի համար Ռամիս Յունուսն ասել է. «Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Իլհամ Ալիեւն ու նրա ռեժիմը ամենաիսկական հանցագործություն են կատարել մեր ժողովրդի հանդեպ: Գուցե նման մարդկային կորուստներն արդարացված լինեին, եթե մեր դրոշը ծածանվեր Շուշիում, կամ գոնե մի քանի շրջան վերադարձվեր: Բայց չէ որ ոչինչ չկա, չորսօրյա պատերազմը ռազմական առումով ոչ մի առավելություն էլ չբերեց, այլ հակառակը, այդ օրերին մեր զինվորների մեծ թվաքանակ զոհվեց, որոնց թվում կան նաեւ 18-ամյա տղաներ: Ո՞վ է նման երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Իսկ ինչքան ցինիզմ էր համակել իշխանամետ ԶԼՄ-ներին: Սարսափելի է...Այդքան մարդ է զոհվել, իսկ այդ ԶԼՄ-ները շարունակում են հաղթանակ տոնել, կարծես մենք վերցրել ենք Ղարաբաղը: Այն, ինչ արեց Իլհամ Ալիեւը եւ նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, հնարավոր չէ անվանել: Եվ դրա հետ միասին այդ ռեժիմը ցանկանում է հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղում այդ ողբերգությունից, եւ ամբոջ աշխարհում քննարկվող Ալիեւի ընտանիքի կողմից օֆշորներում փողերի լվացման թեմայից:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում 

https://www.youtube.com/watch?v=Pl-duWPbihg