Խորհրդարանում նորաստեղծ Քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստն է գումարել, որին մասնակցում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցերը քննելու նպատակով:
Հանձնաժողովի անդամներ են Հանրապետական խմբակցությունից Գևորգ Կոստանյանը, Ալիկ Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուստամ Մախմուդյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը և Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Հովիկ Աղազարյանը, Դաշնակցությունից միայն Սպարտակ Սեյրանյանը։
Անդրանիկ նիստից բացակայում էին Ալեն Սիմոնյանը և Արփինե Հովհաննիսյանը:
«Հանձնաժողով ստեղծելու առիթը Հայաստանում գաղտնալսումների փաստն է ու արդարադատությանը չմիջամտելը։ Այս հանձնաժողովում քննարկման առարկա է դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի՝ դատախազության սահմանադրական պարտականությունը։ Այդ ուղղությամբ ևս մեր հանձնաժողովն ունենալու է քննարկման առարկա»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նկատենք, որ ավելի վաղ «Ելք» խմբակցության պատգամավորները ընդդիմացել էին հանձնաժողովի ստեղծմանը՝ բացատրելով, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, իսկ այս հանձնաժողովը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը։
Հավելենք, որ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ։
Vesti.am