Foto

ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հնարավոր է փակվի Հայաստանում «Ռուսալ Արմենալ» գործարանը

«Ռուսալ Արմենալ» փայլաթիթեղի հայկական գործարանը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հայտնվել է փակման եզրին: Ղեկավարությունն  աշխատակիցների մի մասին հարկադիր արձակուրդ է ուղարկում, գրում է «rusarminfo.ru»-ն:

Արտադրությունը գործարանում կրճատվում է, քանի որ ապրիլից ԱՄՆ–ն ամբողջովին դադարել է հայկական փայլաթիթեղ ներմուծել։ Գնորդները Նահանգներում չեղարկել են գործարքները գործարանի հետ այն բանից հետո, երբ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան` «Ռուսալի» (որին պատկանում է «Ռուսալ-Ամենալ» գործարանը) խոշորագույն բաժնետերը, հայտնվել է Վաշինգտոնի պատժամիջոցների ցանկում։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը  պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ամերիկյան գործընկերների հետ արդեն բանակցություններ են վարում, այդ թվում` ԱԳՆ–ի աջակցությամբ։

2017 թվականին նրբաթիթեղի արտահանումը Միացյալ Նահանգներ կազմել է մոտ 47,2 միլիոն դոլար։ Գործարանի 100%–ոց սեփականատերը «Ռուսալ» կորպորացիան է։ Դրա ամենախոշոր բաժնետերը «En+» հոլդինգն է, որում ամենախոշոր բաժնետերը Օլեգ Դերիպասկան է։

Հիշեցնենք` մայիսի վերջին Դերիպասկան դուրս է եկել «Ռուսալի» տնօրենների խորհրդից, ու հիմա ընկերությունում նրա բաժինը 50%–ից պակաս է։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը Vesti.am-ին հայտնեց, որ  բանակցությունները շարունակվում են և նորության դեպքում կտեղեկացնեն:

Vesti.am