Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստին քննարկվեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1717-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին հատկացնել 182 160 000 դրամ բյուջետային ծախսերի «Այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։
Առաջարկվում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն։
Առաջարկվում է սույն որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60000 ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա, պետական աջակցություն տրամադրել մինչև 7 հեկտար աշնանացանի համար:
Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:
«Ակնկալվում է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագիծը երկար քննարկում է անցել՝ խնդրելով այն հաստատել:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ հիմնավորման մեջ ինչ-որ բան պակասում է:
«Մի դեպքում շահութաբերության 300 տոկոսանոց մակարդակ էր երևում, մյուս դեպքում երևում էր, որ վնասով է աշխատում այդ տնտեսությունը: Առաջարկս այն է, որ ձեր ունեցած հաշվարկները՝ պարոն Խաչատրյան, ներառենք այս որոշման մեջ և դառնա հիմնավորման մաս»,-ասաց նա:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ այս կարևոր ծրագիրը հիմա կարող է հաստատվել վերապահումով, որ ևս երեք լրացուցիչ օր վերցվի որոշման ընդունումից հետո՝ հարցերը Ֆիննախի հետ հստակեցնելու համար, որպեսզի էլ ավելի հիմնավոր դառնա որոշումը:
«Դուք բոլորը թվարկեցիք, բայց 1 հա-ի հաշվարկի մասով որևէ տեղեկատվություն չկա: Եթե այդ ամենը ներառված լինի, կարծում եմ այլևս քննարկման կարիք չկա»,-ասաց Ջանջուղազյանը:
Նախագիծն ընդունվեց:









