Foto

Ինչպես են թալանում հայկական երկաթուղին. Newsline.am

NewsLine-ի զրուցակիցն է գործարար Սամվել Սահակյանը:

- Պարոն Սահակյան, դուք Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված մի քանի անգամ մամուլում հանդես եք եկել բացահայտումներով, դիմել էիք նաև իրավապահներին: Ես կցանկանայի իմանալ՝ ո՞ր փուլում են ձեր դիմումները: Վարչապետին դիմե՞լ եք, թե՞ ոչ, նոր իշխանությունների պայմաններում վերաբերմունք փոխվե՞լ է այս հարցում:

Դիմումները տրված են իրավապահ մարմիններին, դրանք արդեն ընթացք են ստացել, հարուցվել է գործ: Այո, վարչապետին ևս դիմել ենք, քրեական և նրա կողմից հանձնարարական ստացած մարդիկ շատ սրտացավ, հետևողական և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, արդյունքը կտեսնեք:

- Հնարավո՞ր է այս ամենի հետևանքը օրեր առաջ ՊԵԿ-ի իրականացրած գործողությունն է ՀԿԵ-ում, այն կապ ունի՞ ձեր բողոքների հետ, դուք հարցաքննվե՞լ եք, ի՞նչ ակնկալիքներ ունեք, հանգուցալուծումը ինչպիսի՞ն կլինի:

Դեպքերից, իհարկե, տեղյակ ենք, ավելին չենք կարող ասել՝ քննությանը չվնասելու նկատառումով, մենք իրավապահներին ներկայացրել ենք այն իրավախախտումները, որոնք կատարվել են մեր ընկերությունների հանդեպ: Խնդիրն այն է, որ երկաթուղու ղեկավարությունը թքած ունի բոլոր օրենքների վրա, գիտեն, որ ռուսական ընկերություն են, կարծում են՝ կարող են խախտել ՀՀ օրենքները, կնքված պայմանագրերը ու ոչ մեկը չի կարող ձեռքները բռնի կամ ասի՝ աչքիդ վերևը ունք կա. եթե անգամ որևէ մեկը համարձակվի իրենց դատի տալ որևէ իրավախախտման համար և դատը շահել, ապա հոգ չէ, այդ գումարները կվճարեն գուցե և ներդրումային գումարներից և կշարունակեն իրենց թալանը: Նոր իշխանությունները սկսել են այդ ընկերությամբ հիմնովին զբաղվել, և երկաթուղում, գիտակցելով, որ այս անգամ գործարքի չեն գնա՝ փորձում են այս ամենին այլ ենթատեքստ տալ. սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, մինչդեռ Ռուսաստանը չի կարող հանգիստ նայել, թե ինչպես են իր գումարները մսխվում: Ես չգիտեմ՝ ինչքանով է այս ամենը մեր բողոքի հետևանքը, սակայն պարզ է չէ՞, եթե մեր բողոքները, ներկայացրած փաստերը հիմնազուրկ լինեին, դրանց ընթացք չէին տա և քրգործ չէր հարուցվի, այժմ իրենց աչքով են բոլորը տեսնում, թե երկաթուղում ինչեր են կատարվում: Տարիներ ի վեր ռուս պաշտոնյաների համար երկաթուղին եղել է խոպան, դրան մասնակցել են նաև հայերը, որևէ վերահսկող մարմին նրանց ձեռքը չի բռնել, ով հասել, փորձել է օգուտ քաղել այս ամենից:Հույս ունենք՝ պատասխանատվության կենթարկվեն նաև տարիներ ի վեր այնտեղ իրականացվող թալանը կոծկողները և թալանչիներին հովանավորողները:

- Իսկ ի՞նչ իրավախախտումներ են եղել ձեր ընկերությունների մասով։

2018թ. մեզ հետ տպագրական ծառայությունների մատակարարման պայմանագիր է կնքվել, ինչով մեր ընկերությունը զբաղվում է 21 տարի, որից մեկ ամիս հետո երկաթուղու անվտանգության աշխատակիցները ՝ նախկին ԱԱԾ-ական գնդապետ ու փոխգնդապետ՝ ուղարկված տնօրեն Վալկոյի և անվտանգության ծառայության ղեկավար Դարբինյանի կողմից, գալիս են մեզ հետ «ռազբորկայի», ինչի ենք ասում «ռազբորկա», քանի որ եթե մենք որևէ խախտում ենք կատարել, թող դիմեին համապատասխան մարմիններին, մենք ի՞նչ քննարկելու բան ունենք երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ովքեր զրույցի ժամանակ տարբեր պաշտոնյաների անուններ էին հնչեցնում՝ փորձելով վախեցնել: Նրանց հետ զրույցից հենց հաջորդ օրը առանց պայմանագիրը կասեցնելու նույն գործի համար տենդեր են հայտարարում, սենց բան լսե՞լ էիք, մենք հասկացանք, որ նրանք եկել էին մեր 21 տարվա գործը խլելու։ Այդ գործելաոճը մեր նկատմամբ սկսվել է 2014թ. Դարբինյանի և Ռեբեցի կողմից, իսկ 2015թ ԱԱԾ-ի անունից փորձել է վախեցնել գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը, և գործերի մի մասը, առանց պայմանագիր ունենալու, ուղարկեց տարբեր տպարաններ, իրավապահները կարող են ստուգել և տեսնել, թե ինչպես առանց պայմանագիր կնքելու, ունենալով մեզ հետ պայմանագիր, գումարներ են փոխանցել այլ ընկերությունների: Իսկ 2017թ. արդեն Դարբինյանն անձամբ է մեզ հետ հանդիպել՝ փորձելով իր ընկերոջը՝ ԱԱԾ գնդապետին՝ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետի՝ Խաչատրյան Լյովայի ընկերոջ հիմնարկը դարձնել մեզ հետ փայատեր, տեսան բան դուրս չի գալիս, անցան այլ մեթոդների։ Դարբինյանը ներկայանում էր որպես ФСБ-ի կողմից ուղարկված ներկայացուցիչ, իսկ մյուսները՝ որպես ԱԱԾ նախկին աշխատակիցներ: Ի դեպ, 2014թ. ունենալով մեր հետ չավարտված պայմանագիր՝ կազմակերպում են մի խայտառակ տենդեր՝ խախտելով իրենց կողմից նշանակված բոլոր նորմերը, կեղծելով անձամբ իմ ստորագրությունը և ևս մի քանի փաստաթղթեր, դուրս են մղում մեզ մրցույթի գործընթացից և այն նվիրում են այն ժամանակվա իրավապահ համակարգի մի բարձր պաշտոնյայի: Այդ բոլոր փաստաթղթերը մեր «խելոք» գործընկերները Վալկոյի ստորագրությամբ, ուղարկում են մեզ, Ռեբեցը հնարամիտ էր եղել, չէր ստորագրել։ Մենք հիմա այդ գործին ընթացք ենք տվել:

- Իսկ դուք ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք:

Ես անմիջապես ահազանգել եմ լրատվամիջոցներին, «Չորրորդ իշխանություն» թերթին, vesti.am կայքին, մի քանի անգամ հարցազրույցներ եմ տվել, որի հիման վրա մեզ հրավիրեցին ԱԱԾ, թե հիմնադիրի, թե իմ հետ ընդհանուր առմամբ 12 ժամ «զրուցեցին»։ Իհարկե դա զրույց չի կարելի համարել, դա հարցաքննություն էր: Երբ ես ասացի, որ այս ամենը արդեն 5 տարի շարունակվում է երկաթուղու նախկին ԱԱԾ-ականների կողմից, ԱԱԾ աշխատակիցը քմծիծաղով ինձ ասաց՝ պարոն Սահակյան, փաստորեն ձեզ ԱԱԾ-ի անունից ահաբեկել են, բայց դուք չեք ահաբեկվել, այստեղ որևէ իրավախախտում չկա։ Ես էլ ասացի, որ դա նույնն է, որ մեկին ասես, ձեզ փորձել են սպանել, բայց դուք չեք մահացել, հետևաբար՝ փորձ կատարողը անմեղ է: Այդ զրույցի ընթացքում իրենք ծանոթացան մեր ձեռքի տակ եղած որոշակի փաստաթղթերի հետ, որոնք կեղծված էին երկաթուղու ղեկավարության, ԱԱԾ նախկին աշխատակիցների կողմից՝ նշելով, որ սրանք քրեական գործի հիմքեր են: Մեր իրավաբանները այդ բոլոր փաստաթղթերը արդեն ներկայացրել են իրավապահ մարմիններին։ Որտե՞ղ է գրված, որ մենք պետք է հարկերը մուծենք, ԱԱԾ նախկին, ներկա աշխատակիցները թոշակ, աշխատավարձ ստանան, մի հատ էլ փորձեն բիզնես խլել, ինչի՞ մեր հիմնարկները օֆշորում գրանցված կազմակերպություննե՞ր են։

Մեր ընկերությունները ՀՀ պարտաճանաչ հարկատուներ են, մեր աշխատակիցները՝ ՀՀ քաղաքացիներ, ինչպես ասում է վարչապետը՝ բա կոռուպցիոն պոզուպոչո՞վ է լինում, էս է կոռուպցիան:

- Ինչպե՞ս եք տեսնում երկաթուղու զարգացումը, այս քաոսային վիճակից ելքը ո՞րն է:

Մեր ընկերությունների հետ կապված խնդիրները մենք կլուծենք դատարանով, իսկ երկաթուղու ղեկավարությունը՝ տնօրեն, տեղակալներ, հաշվապահ, վարչության պետեր, մատակարարման ծառայության պետ, բոլորը պետք է առնվազն աշխատանքից ազատվեն, նրանք բոլորը տարիներ ի վեր թաթախված են կոռուպցիայի մեջ, ձևավորել են սեփական կլանները: Բայց սա դեռ բավարար չէ, նրանք պետք է մինչև վերջին կոպեկը թալանված գումարները հետ վերադարձնեն: Դրանից հետո պետք է մեր կառավարությունը լուրջ վերահսկողություն սահմանի այդ ռազմավարական նշանակություն ունեցող կառույցում: Մոսկվայում հանդիպումներից, զրույցներից հետո համոզված ենք, որ ՌԴ-ում կան առողջ պատասխանատու ուժեր, որոնք նույնպես պատրաստ են և փորձում են շտկել այս խայտառակ վիճակը։ Հարկ եղած դեպքում նրանց անունները կփոխանցենք ՀՀ իշխանություններին:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: