Foto

Կամավոր Արցախ մեկնած նախկին զինվորականի ընտանիքին վարձակալած տնից դուրս էին հանում. Vesti.am-ի ֆոտոշարքը

Նախկին զինվորական Տիգրան Չալյանը, չնայած կնոջ հորդորներին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած այս վերջին ամենալարված օրերին, այնուամենայնիվ, հրաժեշտ է տվել կնոջն ու երկու մանկահաս երեխաներին ու որպես կամավոր մեկնել սահման: Հիմա կինը նրանից այնքան էլ շատ տեղեկություն չունի։ Ամուսինն էլ զանգահարելիս միայն ասում է՝ ամեն ինչ լավ է: Բայց դեռևս մտադիր չէ վերադառնալ Երևան՝ կգա միայն այն ժամանակ, երբ առաջնագծում իրավիճակը լիովին հանդարտվի:

Մեր այցելության պահին 6 ամսական Լիանան նոր էր արթնացել մանկական անհոգ քնից և աշխույժ աչուկներով հետևում էր իրեն հյուր եկած անծանոթների յուրաքանչյուր շարժումին: Ժպտում էր ու ձեռքերն առաջ պարզում՝ խաղի հրավիրելով: Դեռ շատ փոքրիկ է՝ գիտակցելու, որ իրեն այդ խաղաղ մանկությունն ապահովելու համար հայրը զոհաբերել է ամեն ինչ՝ ընտանիքը, աշխատանքը, հարազատներին, և նույնիսկ պատրաստ է սեփական կյանքը զոհել:    

Իսկ ահա 12-ամյա Տիգրանի խորունկ աչքերը նրան «դավաճանում են»՝ ընդվզում է, որ հայրն իրենցից հեռացել է, բայց և հպարտ է՝ հերոս հոր հերոս որդի է, ու եթե հարկ լինի, մի օր էլ ինքն է կրկնելու հոր սխրանքը:

Տիգրանի ընտանիքն այժմ ֆինանսական ծայրահեղ  դրության մեջ է հայտնվել. տան միակ աշխատող ձեռքը՝ ամուսինը մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները:

Ընտանիքն ապրում է վարձով բնակարանում: Vesti.am-ի հետ զրույցում Տիգրանի կինը՝ Արմինեն պատմեց, որ հայտնվել են ծանր կացության մեջ, չեն կարողանում անգամ տան վարձը վճարել:

-Տան տերն ուզում է ազատենք բնակարանը, որ այն ավելի բարձր գնով ուրիշին տա: Դժվարությամբ, բայց կարողացա նրան համոզել, որ մնանք այս տանը, բայց հիմա նույնիսկ վարձը չենք կարողանում տալ: Չգիտեմ՝ ինչ եմ անելու. երկու երեխաները ձեռքիս ո՞ւր գնամ,-արցունքները հազիվ խեղդելով՝ կիսաձայն պատմում է Արմինեն:

Նաև խոստովանում է՝ չնայած ընտանիքն անելանելի վիճակում է, բայց ոչ մեկին չի դիմել օգնության համար՝ չի ուզում որևէ մեկին անհանգստացնել: Կամավոր Արցախ մեկնած Տիգրանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակի մասին պատահաբար իմացել է «Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, և որոշել օգնության ձեռք մեկնել:

Vesti.am-ի հետ զրույցում «Ազգային միասնություն» շարժման Երևանի կառույցի ներկայացուցիչ Կարեն Արամյանը նշեց, որ իրենք միջնորդների միջոցով են տեղեկացել այս ընտանիքի խնդիրների մասին:

-Իմացանք, որ ամուսինը՝ որպես կամավոր հիմա գտնվում է դիրքերում: Միանգամից զանգահարեցինք Արմինեին, ինչը նրա համար, իսկապես, անակնկալ էր: Տեղեկացանք, որ ունեն 1 ամսվա վարձի խնդիր, և որոշեցինք այդ մեկ ամսվա վարձի փոխարեն միանգամից 3 ամսվա վարձը վճարել,- մանրամասնել է Կարեն Արամյանը՝ «Ազգային միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնելով, անհրաժեշտության դեպքում կրկին օգնություն ցուցաբերել այս ընտանիքին:

Արմինե Սամվելյանի խոսքով այս աջակցությունն, իրոք, հաճելի և անսպասելի էր իրենց համար:

-Շատ շնորհակալ եմ, որ մեր ընտանիքին չճանաչելով, իրենց աջակցությունը ցուցաբերեցին մեզ: Սա, իրոք, մեծ օգնություն է, մենք անելանելի վիճակում էինք, չգիտեինք՝ ինչ անել,-ասել է Արմինեն:

Նշենք, որ Արմինե Սամվելյանը մասնագիտությամբ հաշվապահ է, ունի բարձրագույն կրթություն, մինչև երեխայի ծնվելն աշխատել է, իսկ հիմա կրկին աշխատանք է փնտրում, քանի որ ամուսինը միայնակ չի հասցնում հոգալ իրենց կարիքները.

-Ուզում եմ, որ ամուսիններով մեջք մեջքի տանք ու մեր անկյունը ստեղծենք, որ նման խնդիրներ չառաջանան,-հավելել է նա՝ մաղթելով, որ սահմանին իրավիճակը շուտափույթ կարգավորվի, իսկ իր ամուսինը վերադառնա ընտանիք՝ իրեն այդքան կարոտած ու ամեն վայրկյան սպասող երեխաների մոտ:

Vesti.am