Վերջին շրջանում տարբեր կոնֆլիկտների արդյունքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ՝ տարբեր երկրներում զոհվում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներ ու կամավորներ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը խորապես ցավակցում է բոլոր նահատակված խաչականների հարազատներին և դատապարտում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը։ Մարդասիրական առաքելությունը բարդ և սրբազան գործ է, ապաքաղաքական, ապակրոնական՝ համընդհանուր, մարդու համար և հանուն մարդասիրության։ Առաքելության ճանապարհին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի յուրաքանչյուր անդամ պետք է գործի անվտանգ ու անարգել։ Անկախ իրավիճակից՝ պատերազմ, աղետ կամ ցանկացած այլ բան, բոլոր կողմերը պարտավոր են պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքը, հարգել կյանքեր փրկող մարդկանց ու նրանց աշխատանքը։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցների նկատմամբ ճնշումները, թիրախավորումը կամ առավել ևս նրանց հանդեպ բռնությունը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և համարվում է միջազգային հանցագործություն։
Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրությունները հստակ նախատեսում են մարդասիրական առաքելություն իրականացնող անձանց պաշտպանությունը՝ զինված հակամարտությունների ժամանակ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր ու անողոք մարտահրավերների առաջ, մենք երբեք չենք դադարում հիշեցնել՝ մարդասիրությունը չի ճանաչում սահմաններ, ազգային, սեռային, քաղաքական դիրքորոշումներ և կրոն։ Խոնարհվում ենք բոլոր զոհերի առաջ և հանձնառու ենք շարունակել նրանց առաքելությունը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյան