Foto

«Մայր Հայաստանը» բոյկոտեց Գյումրու ավագանու նիստը (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տևական ժամանակ է, ինչ օրվա իշխանությունների կողմից հարձակման է ենթարկվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իրականացվում է քաղաքական և ապօրինի հետապնդում մեր հարգարժան հոգևորականների, մասնավորապես՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ։ Կալանավորված են հանրային մեծ հարգանք վայելող մարդիկ։

«Մայր Հայաստան» խմբակցությունը դատապարտում է իշխանությունների այս գործելաոճը։ Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքը, հանդիսանում ենք մեր ազգային, ավանդական ու հոգևոր արժեքների պաշտպանության ջատագովներ։

Մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին և ազատություն ենք ցանկանում աշխարհիկ ու հոգևոր դասին պատկանող բոլոր ապօրինի կալանավորվածներին։

Ինչ վերաբերում է Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերին, ապա մենք շահագրգռված ենք, որ հետանկախական շրջանի բոլոր ժամանակների իշխանությունների ապօրինի քայլերը բացահայտվեն ու դատապարտվեն։ Դեմ ենք ընտրողական և հատվածական արդարադատությանը։

Գյումրեցիները պետք է տեղյակ լինեն, թե ինչպես է տնօրինվել կամ օտարվել համայնքապատկան գույքը և ինչպես պետք է հետագայում կառավարվի համայնքային սեփականությունը։

Թեմայի վերաբերյալ ավագանու արտահերթ նիստ նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը մեր Եկեղեցու և Շիրակի թեմի առաջնորդի դեմ արշավի քաղաքական պատասխանատվություն կրող ուժն է և որի գյումրեցի ներկայացուցիչները կա՛մ ծպտուն չեն հանել Միքայել սրբազանի հարցով, կա՛մ իրենց հայտարարություններով սատարել են քաղաքական հետապնդումներին, ինչը մեզ համար անընդունելի է։

Ես շփվել եմ մի քանի ՔՊ–ականի հետ՝ պարզելու համար նրանց վերաբերմունքն այս ամենի վերաբերյալ։ Առանձին զրույցներում նրանք ցույց են տալիս, որ իրենց սրտով չէ տեղի ունեցողը, սակայն հրապարակավ բան չեն ասում։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք խմբակցությունը, ի նշան բողոքի, կբոյկոտի «Քաղաքացիական պայմանագրի» օրակարգով իրականացվող այս նիստը։

Աստված պահապան բոլորիս։