«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 10 տարեկան է: Արդեն 10 տարի Հայաստանի ամենակարևոր ստրատեգիական նշանակության տրանսպորտային համակարգը կառավարվում է այս ընկերության կյողմից: Վերջերս մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այն մասին, որ ՀԿԵ ղեկավարությունը խրված է կոռուպցիոն գործարքներում, անհիմն մսխում է ներդրումային գումարները, զբաղվում փողերի լվացմամբ և այլն: Բողոքողները հիմնականում նախկին ու ներկա երկաթուղայիններ են, որոնք երկաթուղում ու դրա շուրջը տիրող համատարած վախի մթնոլորտի պայմաններում ուղղակի վախենում են հրապարակել իրենց անունները: Օրերս «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հայտարարել է՝ «Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը նպատակաուղղված հասարակությանը մոլորության մեջ է գցում» և զարմանք է հայտնում, որ երկաթուղու վերաբերյալ բողոքներն ու հրապարակումները հիմնականում անանուն են: Թերևս դա պարոն Վալկոյի ու նրա աշխատակիցների խնդիրն է, իրենք էլ կպարզեն դա: Սակայն այս անդրադարձի նպատակն այլ է:
Վերոհիշյալ հարցազրույցում Պարոն Վալկոն մի ուշագրավ հայտարարություն է կատարել, ըստ որի, «Երևանում և Գյումրիում գնացքաքարշային և վագոնանորոգման դեպոյի զանգվածային արդիականացումը թույլ է տվել կարևորագույն խնդիր լուծել` հեռանալ հանրապետության սահմաններից դուրս վերանորոգման կախվածությունից»։ Արդարության առաջ չմեղանչելով, պետք է նշեմ, որ դեպոներն իրականում կան ու արտաքուստ նաև վերանորոգված են: Բայց մի հանգամանք մտածելու տեղիք է տալիս:
Հավաստի աղբյուրներից հայտնի է, որ 2014-2016 թվականներին Հարավկովկասյան երկաթուղին Վրաստանի Ռուսթավի քաղաքի վագոնավերանորոգման գործարան է ուղարկել մոտ 360 վագոն: Vesti.am-ի խմբագրությունը ծանոթ է այդ վագոնների վերաբերյալ փաստաթղթերին և արժանահավատության համար հրապարակում ենք այդ փաթեթից մի էջ:
Ուշադիր եղեք՝ սա այն դեպքում, երբ մեր երկրում վագոնավերանորգման դեպո կա, ավելին, այն Սերգեյ Վալկոյի խոսքով վերանորոգվել ու մեզ ազատել է «հանրապետության սահմաններից դուրս վերանորոգման կախվածությունից»: Այստեղից կարելի է մի քանի հետևություն անել. կա՛մ պարոն Վալկոն կեղծում է, որ մենք այլևս զերծ ենք «հանրապետության սահմաններից դուրս վերանորոգման կախվածությունից», կա՛մ այդ ենթակառուցվածքներում կատարված ներդրումները կեղծ են և չեն ծառայել բուն հայտարարված նպատակին:
Նախկինում Հայաստանում վագոնային 4 դեպո կար՝ Սանահին, Գյումրի, Իջևան և Երևան: Պարոն Վալկոն մի քիչ անկեղծ չէ, երբ հայտարարում է, թե Երևանի վագոնային դեպոն վերանորոգվել է: Իրականում այն վերածվել է կոնտեյներային հարթակի, որին առաջիկայում դեռ կանդրադառնանք: Իսկ ահա Սանահինն ու Իջևանը ուղղակի փակվել ու կիսաթալանված վիճակում են:
Հետևությունները թողնում ենք իրավասու մարմիններին, բայց, շարունակելով թեման, ասենք, որ վերը նշված վագոններից միայն մոտ 30-ն է վերադարձել Հայասատան, այն էլ միայն կիսավագոններ (վագոնի տեսակ), որոնք հիմնականում օգտագործվում են հանքանյութ տեղափոխելու համար և դա էլ միայն այն պատճառով, որ մեր երկաթուղու ներքին բեռնափոխադրումների առյուծի բաժինը հենց հանքանյութի փոխադրումն է: Մյուս վագոնների ճակատագիրը «պաշտոնապես» անհայտ է, թեև երկաթողայինները պնդում են, որ դրանք «կոպեկներով» վաճառվել են, այդ թվում նաև Ուկրաինային: Ի դեպ, կարծում եմ, որ մեր իրավապահները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Ռուսթավի վագոնավերանորոգման գործարանի հետ ՀԿԵ կնքած բոլոր պայմանագրերին ու դրանցով կատարված գործարքներին:
Մասնագետները կպնդեն, որ վագոնները Ռուսթավի են տարվել գուցե կապիտալ նորոգման համար, բայց դրանից թվաբանությունը չի փոխվում, նույնիսկ այլ հարցեր են առաջանում: Բայց դա էլ առանձին թեմա է:
Օգոստոսի 5-ը երկաթուղայինի օրն է: Այդ օրը մեծարվում են արժանիները, գնահատվում է կատարված աշխատանքը, հայտարարվում անելիքների մասին: Այդ օրը ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ևս մի ուշագրավ հայտարարություն է արել, ըստ որի, մեր երկաթուղին շուրջ 60 նոր, շեշտում եմ՝ նոր վագոն և 2 ջերմաքարշ է ձեռք բերել:
Հիմա մի քանի հարց պարոն Վալկոյին.
- Որտե՞ղ են գտնվում և/կամ շահագործվում այդ վագոններն ու ջերմաքարշերը։
- Կարո՞ղ եք հրապարակել նոր վագոնների գոնե լուսանկարները կամ տեխնիկական անձնագրերը (որովհետև նույնիսկ վերանորոգումից հետո երկաթուղային վագոնների տեխնիկական անձնագրերը չեն փոխվում ու հնարավոր չէ վերանորոգված վագոնը ներկայացնել նորի տեղ)։
- Ո՞ր թվականի արտադրության են նոր ջերմաքարշերը։
Էդուարդ Սարիբեկյան
Հ.Գ.Vesti.am-ը սիրով կհրապարակի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պարզաբանումները:










