Foto

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ խնդրի լուծման հարցում»

Այսօր «Ուղիղ կապի» շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղվել կապված ԼՂ հակամարտության հետ՝ մասնավորապես, թե ինքն ի՞նչ ուղիներ է տեսնում ԼՂ  հակամարտության կարգավորման հարցում, ինչի վերաբերյալ նա ասել է, որ շատ զգայուն թեմա է և նշել է, որ պետք է փոխզիջման տարբերակ գտնել:

-Մենք պետք է այդ հարցին շատ զգույշ մոտենանք, հայտնի սկզբունքի համաձայն՝ չվնասել: Դա հին խնդիր է, հին հակամարտություն: Գտնվում էր սառեցված վիճակում: Ցավալի է, բայց տեղի ունեցավ բռնության այդ պայթյունը: Մենք կանենք հնարավորն այն կարգավորելու և երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար: Իհարկե, այստեղ՝ ԼՂ հարցով երկարաժամկետ լուծում է  անհրաժեշտ... Մի քանի տարի առաջ, ինձ այդպես է թվում, մենք մոտեցել էինք փոխզիջման այդ տարբերակին երկու կողմից, բայց պարզվեց, որ դա այդպես չէ,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ աշխատանքները միջազգային և երկկողմանի հարթությունում շարունակվելու են:

Նա հավելել է, որ Ռուսաստանը կաշխատի միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև կշարունակի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը երկկողմանի կարգով։ Բացի այդ շեշտել է, որ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում, Ռուսաստանը շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, քանի որ իրենք ցանկանում են լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ:

-Ավելին, ես գիտեմ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, ովքեր, չնայած ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել շատ լավ միջանձնային հարաբերություններ, և կարծում եմ, որ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը կներդնի իր ողջ ջանքերը, բայց, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները,- ասել է նա:

Vesti.am

https://youtu.be/kv3tcDiHMWI?t=11013