Foto

Ֆինաննախում արդեն քննարկում են 2019-ի պետբյուջեի նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից:

Քննարկումները վերաբերում են  ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած  ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են  նաև ՀՀ վարչապետին ներկայացվող  խնդիրները:

Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար: Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխումը:

ՀՀ ֆինանսների նախարարի  առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ 2019 թվականից ծրագրային բյուջետավորման ձևաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները:

Կ. Բրուտյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի և հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով տարատեսակ  ռիսկերը: