Foto

Հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Հայաստանում անցկացվող «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երրորդ՝ Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում այսօր հաղթել է «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ:


Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար է դարձել «Team Ukyo»-ի հեծանվորդ Սիմոնե Ռականին: UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված «Tour of Armenia» հեծանվավազքի երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի, ապա Կոտայքի և Տավուշի մարզերով։

Երրորդ մրցափուլի հաղթող Մաքս Հայնդսը նշել է, որ դեռևս մրցաշարի մեկնարկից առաջ առանձնացրել էր հենց այս մրցափուլը՝ հաշվի առնելով իր՝ լեռնային մրցուղիներում հանդես գալու առանձնահատկությունները: Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար Սիմոնե Ռականին կարևորել է թիմային աշխատանքը և նշել, որ Երևանի եզրափակիչ մրցափուլում նպատակն է պահպանել առաջատարի կարմիր շապիկը:


«Այսօր մեկնարկել էինք մեկ նպատակով՝ նվաճել ընդհանուր հաշվարկի առաջատարի շապիկը: Շատ ուրախ եմ, որ հաջողվեց: Շնորհակալ եմ թիմակիցներիս կատարած աշխատանքի համար և հույս ունեմ՝ կկարողանանք պահպանել առաջատարի դիրքը: Երեկ Ֆեդերիկոյի հաղթանակը և այսօր իմ արդյունքը լավագույնս արտացոլում են մեր թիմային աշխատանքը»,- ասել է Սիմոնե Ռականին: