Foto

Ժիրայր Սեֆիլյան. «Բանակն ինքը պետք է թելադրողը լինի»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ հակառակորդի ռազմական գործողություներ սկսելու համարձակությունը մեկ պատճառ ունի՝ նրանք շատ լավ գիտեն, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անելու են, որ լայնածավալ պատերազմ չլինի.

-Հակառակորդն օգտագործելու է այս փաստը, բայց մեր զինվորների արիության պատճառով նրանք իրենց պլանն ամբողջությամբ չիրականացրեցին: Անշուշտ, եթե մեր բանակի մարտունակությունը չլիներ, մեր սպաների ու զինվորների նվիրվածությունն ու անձնազոհությունը չլիներ, այսօր այս գործողությունով, բացի հարավային հատվածից, որտեղ մենք կորուստ ունենք, հյուսիսային հատվածում առնվազն 2 բնակավայրի՝ Թալիշի և Մատաղիսի կորուստ էինք ունենալու,-ասել է նա:

Ժ. Սեֆիլյանն նշել է, որ հակառակորդը հոգեբանորեն մեծ հարված է հասցրել մեզ և դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մենք չվերականգնենք դիրքերը՝ հասցնելով այն վիճակին, ինչպիսին եղել է ապրիլի 1-ի դրությամբ:

-Պատկերացրեք առաջին գծում գտնվող զինվորների, հատկապես, սպաների վիճակը, ովքեր սպասում են այդ դիրքերը նորից վերականգնելու հրամանին, սակայն այդ հրամանը չկա: Այս հանգամանքը միայն շարունակում է մեզ հոգեբանորեն խեղճացնել,-ասել է նա:

Արցախյան պատերազմի սերնդի ներկայացուցիչն արձանագրել է, որ երիտասարդներն իրենք իրենց գերազանցեցին` դիմագրավելով տասնապատիկ ավելի մեծաքանակ հակառակորդին:

Ժիրայր Սեֆիլյանը դիմել է զինվորականներին՝ կոչ անելով հակահարված տալ հակառակորդի ցանկացած կրակոցին:

-Պահը եկել է հակահարված տալու, բանակն ինքը պետք է թելադրողը լինի,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա կարծիքով՝ իրադրության միակ լուծումը ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ունենալն է, որի դեպքում Հայոց բանակը, նախահարձակ լինելով՝ հաղթանակելու է: Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը շարունակելու է խախտել 1994թ. ձեռք բերված հրադադարի պայմանագիրը՝ հոգեպես հյուծելով մեր բնակչությանը, բանակը, և տնտեսությունը։

- Այս դեպքերը եկել են մեզ հուշելու, որ մենք պետք է ուղղենք 94-ի մեր կատարած գլխավոր սխալը, երբ զինադադար կնքվեց: Կիսատ թողած գործը մենք պետք է շարունակենք,-եզրափակել է նա:

Vesti.am