ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ կատարած այցի ընթացքում մի շարք հայտարարություններ արեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ:
Մասնավորապես, նա նշել էր, որ չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նա նաև հավելել էր, պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում է, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը:
Պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ օրս ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերևս նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ:
Հուլիսի 20-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ու փոխզիջումներին:
«Փոխզիջում նշանակում է, որ երկու կողմերը պատրաստ են դրան: Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք քննարկում փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը: Երբ ուղերձ ստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ էլ կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի: Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Եկեք արձանագրենք, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը: Առանց Արցախի ժողովրդի մասնակցության, Արցախի հարցի լուծում չի լինելու: Արցախի հարցի վերջնական լուծման դեպքում Արցախը լիարժեք պետք է ներգրավված լինի պրոցեսում»,-նկատեց նա:
Նույն օրը ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում»:
Vesti.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ճիշտ չի լինի, որպեսզի գնահատենք՝ վարչապետը կոշտացրել, թե մեղմացրել է դիրքորոշումը:
«Կարևորն այն է, որ ցանկացած մոտեցում լինի կառուցողական և իրատեսական: Լավ է, որ պաշտոնական Երևանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը և հաստատակամ է, որպեսզի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնվի: Հասկանում եմ, որ դա երկար ու բարդ ճանապարհ է և Ադրբեջանն այդքան շուտ ու հեշտ չի համաձայնի, որպեսզի վերականգնվի այս ձևաչափը՝ Արցախի լիարժեք մասնակցության: Բայց այլ տարբերակ չկա, պարզապես պետք է շարունակել աշխատել և անել հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա»,-նշեց Բաբայանը՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը գնահատելով ավելի իրատեսական:
Այն դիտարկմանը, թե մայիսի 9-ին արված հայտարարությունն իրատեսական չէր, Բաբայանը նկատեց. «Դա կարևոր էր, բայց Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա: Դա ակնհայտ ճշմարտութուն է: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ ձևաչաձը վերականգնվի, ինչի համար տարիներ են պետք»:
Դուսյա Ղազարյան
Vesti.am