Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց:
Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, և այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին և թոռնուհուն: Նախագահը դիտել է հայր և դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաև 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին: Արմեն Սարգսյանն այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց: Նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։ Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ: