Հուլիսի 16-ին կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:
-Պարո՛ն Պապյան, որո՞նք են ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականության այն հիմնահարցերը, որոնց վերաբերյալ ՀՀ առաջին նախագահն ու վարչապետ Փաշինյանը խորհրդակցության կարիք ունեին:
Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է հանդիպել նոր վարչապետի հետ, ես բնական եմ համարում:
Բնական է, որ Տեր-Պետրոսյանը պիտի ցանկանա իր տեսակետը փոխանցել նոր ղեկավարությանը և, եթե հնարավոր դառնա, նոր ղեկավարության միջոցով այդ տեսակետն իրականացնի: Իհարկե, քննարկման առաջին թեման Արցախի հարցն է մնում, հետո՝ Թուրքիայինը: Այդ երկու հարցերի վերաբերյալ գիտենք Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները: Կարծում եմ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ռուսաստանին: Այն հաղորդագրությունը, որը պաշտոնապես տարածվել է, բավականին սուղ է: Սակայն կարծում եմ, որ առիթ կլինի և վարչապետն էլ կխոսի այդ հանդիպման մասին:
-Լևոն Տեր-Պետրոսյանը հաճախ չէ նման քննարկումների գնում: Դրանք անում է հիմնականում մեր երկրի համար վճռորոշ և ճակատագրական պահերին (Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց ապրիլյան պատերազմի օրերին): Հիմա այդ վճռորոշ պահը ո՞րն է, արդյո՞ք դա կապված է Նախիջևանում ադրբեջանական կողմի առաջխաղացման հետ:
Ասեմ, որ Տեր-Պետրոսյանը միշտ էլ փորձել է ղեկավարության հետ հանդիպել և, եթե դա ստացվել է ու ղեկավարությունը ցանկություն ունեցել է հանդիպելու, դա տեղի է ունեցել: Ուրիշ բան է, որ նախկին ղեկավարությունն առանձնապես խանդավառ չէր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու համար: Ենթադրություններ անելով կարելի է ասել, որ հանդպմանը շոշափվել է նաև Նախիջևանում տեղի ունեցածը: Դա ընդհանուր դիտարկում եմ Արցախի հարցի մեջ: Դա ղարաբաղյան հակամարտության ածանցյալն է: Բայց ասել՝ եթե չլիներ նախիջևանյան լարվածությունը, Տեր-Պետրոսյանը պիտի չցանկանար հանդիպել Փաշինյանի հետ, այդպես չէ:
-Բնական համարո՞ւմ եք, որ այդ խորհրդակցություններին չեն մասնակցում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները:
Ընդհանրապես լավ կլիներ, որ բոլոր նախագահներն էլ ունենային այնպիսի վարկ, որ կարողանային հանդիպել: Բայց երկրորդ և երրորդ նախագահների, կամ ուղղակի նրանց, կամ նրանց մերձավորների դեմ արդեն առնվազն սկսված հետաքննություն կա: Այսինքն նրանք ենթադրյալ մեղավոր են: Նաև բնավորությունների խնդիր կա: Ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սարգսյանը երբեք աչքի չեն ընկել ուրիշների հետ խորհրդակցելու ցանկությամբ: Բնական չեմ համարում, ցանկալի կլիներ, որ նրանք էլ ներկա լինեին: Բայց դրա համար պիտի այդ մարդիկ ունենային համապատասխան վարկ և գիտելիք:
Դուսյա Ղազարյան
Vesti.am