Foto

Հանքարդյունաբերությունն ու դրա այլընտրանքը. մաս 3

Հանքարդյունաբերության ծավալն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 20%-ով, ինչի հետևանքով էլ թուլացել է տնտեսական ակտիվության աճի տեմպը:

Vesti.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ զրուցեց՝ հասկանալու, թե ինչո՞վ է դա պայմանավորված և թե ո՞ր ոլորտը կարող է լինել հանքարդյունաբերությանն այլընտրանք:

Տնտեսագետն ասաց, որ 2017 թվականին հանքարդյունաբերության ոլորտում արտահանումը կազմել է 920 մլն դոլար: Հիմնականում եղել է երեք մետաղ՝ պղինձ, ոսկի և մոլիբդեն ու ֆերոմոլիբդեն:

«18 տարիներին մեր արտահանման մեջ մեծ դերակատարում են ունեցել ֆերոմոլիբդենն ու մոլիբդենը: Բայց վերջին երկու տարիներին գերակշռել է պղնձի արտահանումը, մնացածը՝ շուրջ 140 մլն բաժին է ընկնում ոսկուն»,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ աշխարհում գներն ու պահանջարկը տատանվում է, դրանից ելնելով կարող է նաև Հայաստանից արտահանումը նվազել՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ մոլիբդենի մասով նվազել է պահանջարկը. նույնիսկ մոլիբդեն արտադրող գործարանները հիմա ավելի շատ պղինձ են թողարկում:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է հենց դրանով: Նա նշեց, որ Հայաստանում ո՛չ ոսկին, ո՛չ պղինձը, ո՛չ էլ մոլիբդենը չեն օգտագործում, դրանք կիսամշակված ձևով արտահանում են և եթե ծավալները նվազել են՝ ուրեմն կա՛մ միջազգային պահանջարկն է նվազել, կա՛մ դա պայմանավորված է գների անկումով:

«Եթե նվազել է արտահանման ծավալը, ուրեմն արտահնման ցուցանիշն է նվազում, երկրորդ՝ արժույթն ավելի քիչ է ներմուծվում, որովհետև արտահանումն աղբյուրներից մեկն է և երրորդը՝ հարկերը կարող են նվազել շահութահարկի նվազման պատճառով: Մյուս դեպքում էլ կարող է աշխատողների թվաքականը կրճատեն, ինչի պատճառով գործազրկությունը կարող է ավելանալ»,-կարծում է տնտեսագետը:

Գագիկ Մակարյանը նշեց, որ սրա հետ մեկտեղ կան նաև երևույթներ, որոնք կարող են դրականորեն անդրադառնալ էկոլոգիայի վրա: Մեր զրուցակցի խոսքով՝ հանքարդյունաբերական ոլորտն էկոլոգիային շատ մեծ վնաս է հասցնում, ինչի հետևանքով հիվանդություններ են գեներացվում:

«Երբ ասում ենք տնտեսության համար վնաս, եթե հաշվի առնենք, թե առողջապահության ոլորտում ինչ խնդիրներ ենք ունենում պոչամբարների հետևանքով՝ չարորակ հիվանդություններ, թերսնված երեխաներ, թե ինչքան գումարներ ենք ծախսում, որ կոմպենսացնենք այդ վնասները, կարող է ստացվել, որ ընդհանուր առմամբ շահում ենք, կամ չենք շահում, մնում ենք զրոյի վրա: Այսինքն՝ տնտեսական կողմը պետք է դիտարկել սոցիալական կողմի հետ»,-ասաց նա:

Մեր հարցին՝ տնտեսության  մեջ հանքարդյունաբերությանն այլընտանք ունե՞նք՝ տնտեսագետը պատասխանեց.

«Ոչ, առայժմ չունենք: Շատ մոտենում է դրան տեղեկատվական տեխնոլոգիաների և ալկոհոլային խմիչքների ոլորտը: Բայց, բոլոր դեպքերում, մենք այսօր այդպիսի ցուցանիշ, որը մոտ 1 մլրդի հասնող արտահանում կունենա, չունենք: Նշածս ոլորտը մոտենում է  դրան, բայց տարիներ են պետք, որ հասնի: Դրա համար էլ հանքարդյունաբերության ոլորտը մնում է և դեռ երկու տարի էլ կմնա առաջատար, մինչև զարգանա ՏՏ ոլորտը, ավելանա գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշը. այդ դեպքում դրանք կարող են մի քիչ հակակշռել»,-ասաց նա:

Մերի Բալասանյան

Vesti.am

Կարող եք կարդալ նաև՝

 Հանքարդյունաբերությունն ու դրա այլընտրանքը. մաս 1

Հանքարդյունաբերությունն ու դրա այլընտրանքը. մաս 2