Foto

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

Անգլիական «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Հոլանդացի մասնագետը մերսիսայդյան ակումբը գլխավորում էր 2024 թվականի հունիսից։ Հենց իր նորամուտի մրցաշրջանում նա թիմին հասցրեց Անգլիայի չեմպիոնի կոչմանը՝ նվաճելով ակումբի պատմության 20-րդ տիտղոսը, սակայն 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «կարմիրներն» ԱՊԼ-ում զբաղեցրին միայն 5-րդ հորիզոնականը։

«Լիվերպուլի» սեփականատերերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ որոշումն իրենց համար չափազանց բարդ է եղել, և շնորհակալություն են հայտնել Սլոտին կատարած հսկայական աշխատանքի համար։

«Անխոս, սա ծանր որոշում էր մեզ համար։ Առնեի ներդրումն ակումբում նշանակալի էր և, որ ամենակարևորն է, հաջողված։ Մենք անչափ գնահատում ենք նրա ձեռքբերումները, աշխատասիրությունն ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը։ Նա ընդմիշտ կմնա ակումբի պատմության մեջ որպես մարզիչ, որը «Լիվերպուլին» բերեց 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ Նա նաև օգնեց ակումբին հաղթահարել ամենաբարդ շրջաններից մեկը՝ Դիոգու Ժոտայի կորստից հետո։ Այն կարեկցանքն ու մարդկայնությունը, որ նա դրսևորեց, շատ բան են ասում նրա մասին՝ որպես անհատի»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը միաձայն եկել է այն եզրակացության, որ թիմի հետագա զարգացման համար փոփոխություններ են անհրաժեշտ։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ նոր մոտեցումներն ու զարգացման այլ ուղղություն ընտրելը չեն նսեմացնում Սլոտի վաստակն ու ակումբի հարգանքը նրա նկատմամբ։

Ինչ վերաբերում է թիմի նոր գլխավոր մարզչին, ըստ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների՝ գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն իսպանացի մասնագետ Անդոնի Իրաոլան է, ով վերջերս է հեռացել «Բորնմութից»։