Foto

Եթե Բրազիլիան ցանկանում է նվաճել աշխարհի գավաթը, նրանք պետք է խաղը կառուցեն Նեյմարի շուրջ․ Դանի Ալվես

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աջ պաշտպան Դանի Ալվեսը խոսել է աշխարհի առաջնությունում թիմի առաջիկա ելույթների մասին։ Նրա կարծիքով՝ մունդիալում հաղթելու ակնկալիք ունենալու համար «սելեսաոն» պետք է իր խաղը կառուցի Նեյմարի շուրջ։

«Եթե Բրազիլիան ցանկանում է նվաճել աշխարհի գավաթը, նրանք պետք է խաղը կառուցեն Նեյմարի շուրջ։ Արգենտինան հաղթեց աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ հասկացավ, որ Մեսին Մեսին է, և որ պետք է խաղալ հենց նրա վրա»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը վնասվածք էր ստացել, և այժմ վտանգ կա, որ Բրազիլիայի հավաքականը ստիպված կլինի ընդհանրապես դուրս թողնել նրան մրցաշարի հայտացուցակից։

ԱԱ-2026-ի խմբային փուլում Բրազիլիան կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։