Foto

2018-ի առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ. ՊԵԿ նախագահ

2018-ի առաջին կիսամյակում  ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։

Նա նշեց, որ ավելի հավաքագրված 88․2 մլրդ դրամ գումարից 32․3 մլրդը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին։ Եթե հունվար-ապրիլ ամիսներին աճի տեմպը կազմում էր 15․3 տոկոս, ապա մայիս-հունիս ամիսներին այն կազմել է 16․3 տոկոս։

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- հայտնեց Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ 2018-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա համալիր հարկային ստուգումներն իրականացվել են առավել թիրախային։

«2017-ի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է շուրջ 2400 ստուգում, որոնցով առաջադրվել է 480 մլն դրամ, իսկ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն դրամ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ փոքր ու միջին բիզնեսի և խոշոր բիզնեսի նկատմամբ այնպիսի քաղաքականություն է տարվելու, որպեսզի արդյունավետությունը և ցուցանիշն ապահովվի, բայց միևնույն ժամանակ խոչընդոտներ չստեղծվեն ՓՄՁ-ների համար։

Vesti.am