Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում:
Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:
«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: