Foto

Ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է

ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանն ասաց՝ մթնոլորտը ջերմ էր:

«Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ նախ, որովհետև երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, մանավանդ, որ դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին՝ աշնանը Հայաստանում ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք պետական այցի»,- ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի պետական այցին Հայաստան՝ դեսպանն ընդգծեց. «Սա կարելի է որակել որպես Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի այց նորագույն Հայաստան և հանդիպում ՀՀ նոր իշխանությունների հետ: Ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ, բայց մեր պատկերացմամբ սա կլինի այնպիսի ծրագիր, որի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, երիտասարդությանն ու կրթությանը», - նկատեց Լաքոթը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ դեսպանը նշեց.

«Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որն իրականացվում է Հայաստանում, որովհետև բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀ նոր իշխանությունը հստակ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների և մենաշնորհային կառույցների դեմ պայքարելու: Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար, հատկապես տնտեսվարող ոլորտի դերակատարների համար»:

Նա նաև ընդգծեց, որ ֆրանսիահայ, ինչպես նաև ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է:

Vesti.am